Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Ն. Ֆիլոսյանին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ֆիլոսյանը, 1999թ.-ից հանդիսանալով Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար` պաշտոնատար անձ, և քաջ գիտակցելով համայնքի ղեկավարի ոչ միայն իրավունքները, այլ նաև պարտականությունները, այնուամենայնիվ, անձամբ մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը: Տվյալ ընկերությանը Դաստակերտ համայնքում ՀԷԿ կառուցելու նպատակով հողատարածք տրամադրելու, շինարարական աշխատանքներում աջակցելու, շահագործման ընթացքում ՀԷԿ-ի աշխատանքները վերահսկելու դիմաց, Ն. Ֆիլոսյանը ընկերության հիմնադիր-մասնակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, նշված ընկերությունից բաժնեմաս է ձեռք բերել և դարձել ընկերության մասնակից:
Օգտվելով համայնքի ղեկավարի իր լիազորություններից, և, ըստ էության, արդեն անցնելով հանցավոր պայմանավորվածության կատարմանը` Ն. Ֆիլոսյանը Դաստակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.2 հա/2000քմ/ հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է այն ընկերությանը, որի բաժնետեր է նաև ինքը:
Ավելին՝ Ն. Ֆիլոսյանը, որևէ կերպ չի փորձել կանխել կամ կասեցնել իր վաճառած հողավարածքում կատարվող ՀԷԿ-ի ինքնակամ շինարարությունը, ինչը համայնքի ղեկավարի անմիջական պարտականությունն է: Ն. Ֆիլոսյանի ապօրինի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին և օրինական շահերին:
Ն. Ֆիլոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: