| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել էինք, որ դեռևս 2014-ի տարեվերջին գուսան Հայկազունի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել: Ավելի ուշ` այս տարվա սկզբին, հայտարարվեց, որ սիրված գուսանն օգնության կարիք ունի` քիմիաթերապիան ավարտին հասցնելու համար: Այսօր արդեն, հուրախություն բոլորիս, նա, կարծես, ոտքի է կանգնել:
Yerkir.am-ի հետ զրույցում գուսան Հայկազունը նշեց, որ իրեն արդեն լավ է զգում, ոտքի է կանգնել: «Շնորհակալ ենք բոլորին, ազգն ինչքանով կարողացավ` կանգնեց մեր կողքին, և հենեց դրա շնորհիվ ես այսօր ինձ լավ եմ զգում: Օրերս Արցախ էի գնացել. այնտեղ հոկտեմբերի 28-ին Երիցվանքի դպրոցի 12-րդ դասարանը կոչվեց իմ անունով, շատ ուրախ էի: Բացի այդ էլ՝ գրեթե ամեն օր ինչ-որ միջոցառման եմ մասնակցում, իսկ նոյեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կլինի համերգ` իմ երգերի լավագույն կատարողների և իմ մասնակցությամբ»,- ասաց գուսանը` հավելելով, որ առաջիկայում էլի ծրագրեր կան:
Համերգն, ի դեպ, կկրի «Հայեր, միացեք» խորագիրը, ելույթ կունենան Արսեն Գրիգորյանը /Մրո/, Արուս Գուլանյանը, Ռուբեն Սասունցին… Համերգին կմասնակցեն նաև «Կարին» և «Հայկազունք» համույթները:
Գուսան Հայկազունի կինը` տիկին Արմինեն, նշեց, որ ամուսինն իրեն, իրոք, լավ է զգում, արդեն դեպի լավն է գնում, թեև բուժումն ընթացքի մեջ է: «Նա շատ լավատես է, ինչն էլ իրեն շատ օգնեց: Բուժումն, այո, ընթացքի մեջ է, բայց փորձում ենք ինքներս դժվարությունները հաղթահարել: Նա դեռ բժիշկների հսկողության տակ է, բայց, կարևորը, ինքնազգացողությունը լավ է, տրամադրությունը` բարձր»,- ասաց տիկին Արմինեն: