Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցյալ տարի Նորավանքի կիրճում` անհայտ հանգամանքներում հայտնված արջի քոթոթը, որին հետագայում անվանեցին Մաշա, այսօր շատ հանգիստ ապրում է վայրի բնության գրկում` օրական 15-ից մինչեւ 20 կմ անցնելով: Այդ մասին գրեթե ամեն ժամ տեղեկացնում է տիեզերական արբանյակը` հաղորդագրություններ տալով երկու տարեկան Մաշայի մասին:
Կենդանաբաններն այսօր էլ պնդում են, որ շատ հաճախ վայրի կենդանիների ձագերը մնում են առանց խնամողի մարդու գործունեության արդյունքում, իսկ հետագայում դառնում են գիշատիչների զոհ:
Շատ հաճախ տնային պայմաններում, նաեւ որոշ սպասարկման օբյեկտներում արջի քոթոթներին պահում են որպես փափուկ «խաղալիք», սակայն «խնամակալները» չեն գիտակցում, որ ամիսներ անց այդ քոթոթը դառում է արջ, որին պահելն ու խնամելը բարդ է ու վտանգավոր: Այս խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում է, այլ նաեւ տարածաշրջանի մյուս երկրներում՝ Վրաստանում եւ Ադրբեջանում:
Թե ինչպե՞ս էր Մաշան հայտնվել Նորավանքի կիրճում, դա այս պահին կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ քոթոթը, որոշ ժամանակ անցկացնելով վանդակային պայմաններում եւ որոշ «դասեր» յուրացնելուց հետո, արդեն 5 ամիս է` ապրում է Սյունիքի անտառներում:
Ի դեպ, Մաշան հասցրել է դառնալ գերմանական RTL հեռուստաընկերության թոք-շոուներից մեկի գլխավոր հերոսը եւ քննարկման թեման: Հենց այս հաղորդման ընթացքում էլ փաստվել է, որ կովկասյան տարածաշրջանում սա առաջին դեպքն է, որ վայրի կենդանին մարդու կողմից պահվելուց հետո գերազանց ադապտացվել է վայրի բնությանը:
WWF (Բնության համաշխարհային հիմնադրամի) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Մաշա արջի մասին իրենց տեղեկացրել է Վայոց ձորի մարզային բնապահպանական տեչությունը, իսկ այդ ժամանակ քոթոթը եղել է ընդամենը 7- 8 ամսական: «Իհարկե, միանշանակ, բնության մեջ, այն էլ այդ տարիքի արջի քոթոթը չէր կարողանա գոյատեւել»,- ասաց նա:
WWF-Հայաստանը որոշում է կայացնում` դիմել Գերմանիայի իր գործընկերներին, որպեսզի քոթոթի համար ստեղծվի ժամանակավոր կացարան, որպեսզի կենդանին մեծանա` անասնաբույժի հսկողությամբ, ապա բաց թողնվի անտառ:
«Վանդակային պայմաններում ապրելու ողջ ընթացքում Մաշան չի շփվել մարդու հետ, բացառությամբ իր խնամակալի, ով շարունակաբար կենդանուն սովորեցրել է, թե ինչպես կարելի է որս անել, ձուկ որսալ եւ այլն»,- պատմում է Կ. Մանվելյանը:
Այս տարվա հուլիսին որոշվում է, որ արջը պետք է տեղափոխվի վայրի բնություն: Նախապես, մասնագետների օգնությամբ, Մաշայի վզին ամրացվում է ռադիոընդունիչ վզկապ, որի միջով այսօր համապատասխան մասնագետները հետեւում են արջի տեղաշարժին Սյունիք մարզի տարածքում:
«Յուրաքանչյուր ժամը մեկ արբանյակից արջի մասին ստանում ենք տեղեկատվություն: Սակայն, բացի արբանյակի տեղեկատվությունից, դաշտային աշխատողները որոշակի հեռավորությունից հատուկ սարքերի միջոցով կարող են հետեւել արջին»,- ասում է Կ. Մանվելյանը եւ հավելում, որ իրենք սկզբնական շրջանում անգամ կասկածել են, թե Մաշան կհարմարվի բնության գրկում: «Մտածել էին, որ անգամ, եթե արջը չհարմարվի բնությանը, ապա այդ դեպքում նորից պետք է նրան որսայինք եւ որոշեինք, թե որտեղ կարող ենք տեղավորել: Երկրորդ ռիսկը այն էր, որ արջը չի կարող ձմեռում անել: Սակայն իր շարժից երեւում է, որ արջը նորմալ վիճակում է, սնվում է նորմալ, իսկ մասնագետների պնդմամբ` եթե նորմալ է սնվում, ապա կարող է նորմալ յուղ հավաքել առաջիկա ձմեռումն անցկացնելու համար: Ռիսկը կապված է նրա հետ, որ քոթոթներին ձմեռման սովորեցնում է մայր արջը, բայց քանի որ Մաշան միայնակ է եղել, եւ սա նրա առաջին ձմեռումն է, դեռ դժվար է ասել, թե ինչպես կլինի: Բայց եթե համապատասխան տեղեկատվությունը մեզ ասի, որ արջը էլ չի տեղաշարժվում, ապա պետք է հասկանանք, որ նա քուն է մտել, իսկ եթե` ոչ, ապա այս դեպքում առաջ է գալիս կերի հարց»,- ասաց Մանվելյանը:
Նա պնդում է, որ իրենք ունեն փաստեր, որ լինում են դեպքեր, երբ արջերը ձմեռում չեն իրականացնում:
Հաջորդ ռիսկային գործոնը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ արջը չհայտնվի սահմանային գոտում: «Դե, բոլորս էլ գիտենք , որ Հայաստան- Նախիջեւան սահմանում կան դիրքապահներ, իսկ այս դեպքում մի քիչ մեծանում է ռիսկային գործոնը: Չնայած մենք արդեն իսկ մեր ադրբեջանցի գործընկերներին զգուշացրել ենք, որպեսզի տեղյակ պահեն իրենց դիրքապահներին` արջին տեսնելու դեպքում կրակ չբացել նրա վրա»,- ասաց Մանվելյանը:
Ի դեպ, ըստ հաշվարկների` արջի վզին ամրացված վզկապը կընկնի հաջորդ տարվա հոկտեմբերին, որից հետո արդեն նրան հետեւելը հնարավոր չի լինի:
Փորձը ցույց է տալիս, որ վայրի կենդանու վերաբնակեցումը բնության մեջ լինում է 50:50-ի. WWF- Հայաստանն արձանագրում է, որ այդ դեպքում փորձը հաջողված կարելի է համարել, միակ խնդիրն այն է, որ Մաշա արջը չդառնա որսագողության զոհ: «Սա ազգային պատվի հարց է, որովհետեւ արջին հետեւում ենք ոչ միայն մենք, այլ նաեւ` Գերմանիայում»,- ասում է Մանվելյանը:
Ներկա պահին գորշ արջերի կոնկրետ թվի մասին տեղեկատվություն չկա, սակայն, կարելի է ասել, որ արջերի պոպուլյացիան Հայաստանում նորմալ է, սակայն բոլորը պետք է հասկանան, որ հարկավոր չէ վայրի կենդանիներին կտրել բնությունից:
Նշենք նաեւ, որ WWF-Հայաստանը նաեւ ծրագիր է մշակում, որպեսզի ռադիոընդունիչ վզկապների միջոցով հետեւի նաեւ հայկական մուֆլոնների տեղաշարժին:
Գալուստ ՆԱՆՅԱՆ