Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Ստանալով քվեների 49,4 տոկոսը՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարած կուսակցությունը իրավունք է ստացել Ազգային մեծ ժողովում կազմելու հարաբերական մեծամասնություն և ձևավորելու միակուսակցական կառավարություն: Մեջլիս են անցել ևս 3 քաղաքական ուժ` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը` 25,4 տոկոս քվեով, «Ազգային շարժում» կուսակցությունը` 11,9 և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 10,9 տոկոս քվեներով:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խնդիր առաջացավ, երբ հունիսին կայացած հերթական ընտրություններում ԱԶԿ-ն, ստանալով ընտրողների ընդամենը 40 տոկոսի վստահության քվեն, ստիպված էր կոալիցիոն կառավարություն ձևավորելու նպատակով խորհրդարանական մյուս ուժերի հետ բանակցել, որը, սակայն, արդյունք չտվեց: Արտահերթ ընտրությունները հնարավորություն ընձեռեցին ԱԶԿ-ին ավելի քան 9 տոկոսով բարելավելու նախկին արդյունքները:
Դատելով ընտրությունների պատկերից` Դավութօղլուի ղեկավարած կուսակցությանը դա հաջողվել է հիմնականում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական և «Ազգային շարժում» կուսակցությունների ընտրազանգվածների մի մասին իր կողմը գրավելու միջոցով: Հունիսի ընտրությունների համեմատ՝ ազգայնական կուսակցությունն ստացել է մոտ 4, իսկ քրդամետ կուսակցությունը` 2 տոկոսով ավելի քիչ ձայներ:
Մի կողմից՝ ԱԶԿ-ի այս հաջողությունը պայմանավորված է մրցակից ուժերի նկատելի պասիվության ֆոնին իրականացված ագրեսիվ քարոզարշավով: Ընդդիմադիր ուժերը վստահ էին, որ ցանկացած պարագայում ԱԶԿ-ին չի հաջողվելու 45 տոկոսից ավելի ձայն ստանալ, և, կրկին կանգնելով կոալիցոն կառավարություն ձևավորելու խնդրի առջ, Դավութօղլուն ստիպված է լինելու նախկինից ավելի մեծ զիջումների գնալ: Գուցեև այդ հաշվարկն աշխատեր, եթե իշխանություններն ագրեսիվ քարոզարշավին զուգահեռ գործի չդնեին արտաքին վտանգներին դիմակայելու նպատակով գործող իշխանության շուրջը համախմբվելու, հարաբերական կայունությունը պահպանելու անայլընտրանքայնության մեջ համոզելով` սեփական ժողովրդին շանտաժի ենթարկելու մեքենան:
Հունիսին կայացած ընտրություններից հետո իշխանությունները, խախտելով քրդական զինյալ խմբավորումների հետ կնքած հրադադարը, առանց որևէ լուրջ պատճառի սկսեցին օդային հարվածներ հասցնել Իրաքում և Սիրիայում տեղակայված նրանց ռազմական ճամբարներին ու հենակետերին, ինչին ի պատասխան, քրդերը թուրքական ոստիկանության դեմ իսկական պարտիզանական պատերազմ սկսեցին հենց Թուրքիայի ներսում: Անցած հինգ ամիսներին բախումների պատճառով մոտ 150 թուրք ոստիկան զոհվեց: Դրան զուգահեռ պայթյուններ տեղի ունեցան երկրի հարավարևելյան, հիմնականում՝ քրդաբնակ բնակավայրերում, իսկ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցավ աննախադեպ ահաբեկչական ակտ, երբ արհմիությունների և քրդամետ հասարակական-քաղաքական շրջանակների կազմակերպած ցույցի ժամանակ իրականացված հզոր պայթյունների հետևանքով 108 մարդ զոհվեց: Զուգահեռաբար, թուրքական իշխանությունները գրեթե բացահայտ բռնաճնշումներ սկսեցին քրդաբնակ քաղաքների, հիմնականում՝ Դիարբեքիրի բնակչության դեմ, և երկրի տարբեր հատվածներում, քաղաքներում ԻՇԻՊ-ի դեմ հակաահաբեկչական օպերացիաներ ու ձերբակալություններ իրականացրին` ցույց տալով, թե երկրի կայունության և տարածքային ամբողջականության համար ինչպիսի սպառնալիք են ստեղծում քրդական հարցի սրումն ու ծայրահեղ իսլամական ահաբեկչությունը: Փաստացի հենց նախընտրական շրջանում միտումնավոր ապակայունացնելով իրավիճակը` իշխանությունները խաղադրույք կատարեցին ներքին ու արտաքին սպառնալիքների ժամանակ արագ կոնսոլիդացվելու՝ թուրքական հասարակության բնավորության, մենթալիտետի վրա և շահեցին խաղը: Պատահական չէր, որ դեռ ընտրատեղամասերի մեծ մասի արդյունքները չէին հայտնվել, իսկ Թուրքիայի գործող նախագահ, ԱԶԿ-ի նախկին առաջնորդ Ռեջեփ Էրդողանը հայտարարում էր, թե ժողովուրդը քվեարկել է Թուրքիայի «միասնության և ամբողջականության օգտին»:
Ինչևէ, ընտրություններն արդեն կայացել են, և հիմա շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ ազդեցություն է դա ունենալու Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Նախ` ընտրություններում շանտաժի տեխնոլոգիայի կիրառումը վկայում է, որ արդեն 4-րդ անգամ անընդմեջ իշխանություն ձեռք բերող կուսակցությունը ստեղծում է պետական իշխանությունն իր ձեռքերում պահելու, ուզուրպացնելու մի մեխանիզմ, որի դեմն առնելը տեսանելի ապագայում այնքան էլ հեշտ չի լինելու:
Երկրորդ` չնայած ԱԶԿ-ն միայնակ կառավարություն ձևավորելու իրավունք է ստացել, սակայն չի հաջողել պառլամենտում բացարձակ մեծամասնություն ունենալ: Սա նշանակում է, որ տապալվել է Թուրքիայում նախագահական կառավարման համակարգ ստեղծելու, իսկ իրականում` բացարձակ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու՝ նախագահ Էրդողանի պլանը: Սա կարևոր է նաև այն պատճառով, որ թուրքական իշխանությունն զգալիորեն կչափավորի, դեպի արևելք ծավալվելով, կայսերապետություն ստեղծելու իր հավակնությունները, ինչը նվազեցնում է հարևան երկրների, նաև Հայաստանի հետ հարաբերություններում սրացումների դիմելու հավանականությունը:
Երրորդ` կարևոր էր մեջլիս մտնելու իմաստով արտահերթ ընտրություններում քրդամետ կուսակցության տարած հաղթանակը, ինչը վկայում է, որ նախորդ ընտրություններում նրա արձանագրած արդյունքը պատահականություն չ, և որ Թուրքիայում քրդական տարրը վերածվում է լուրջ քաղաքական գործոնի` ինչ-որ չափով բուֆերի դեր ստանձնելով Թուրքիա-Հայաստան հարաբերություններում: Չի բացառվում, որ, համակերպվելով հարաբերական ձեռք բերածով, ԱԶԿ-ն նվազեցնի ներքին լարվածությունը և փորձի կրկին վերականգնել քրդերի հետ խաթարված կայունությունը: Մի կողմից՝ դա լավ է քրդերի համար` թուրքական հալածանքներից, հնարավոր կոտորածներից ապահովագրվելու իմաստով: Սակայն մյուս կողմից` որքան Թուրքիան ներքին կայունության մեջ է, այնքան ավելի անկաշկանդ է արտաքին ու տարածաշրջանային քաղաքականության մեջ: Հաշվի առնելով Հարավային Կովկասում Իրանի առաջիկա անխուսափելի ակտիվացումը, ԼՂ հարցում Ադրբեջանի` ավելի ագրեսիվ բնույթ ստացող քաղաքականությունը` չի կարելի բացառել, որ Թուրքիան սկսի մեծացնել իր ներգրավվածությունը տարածաշրանային խնդիրներում: Այս հանգամանքը թերևս կարևոր է Ադրբեջանի համար, որը վերստին ձեռք է բերում իր ներքին խնդիրներից գլուխը բարձրացնող դաշնակցին: Եթե այս ընտրությունները նաև ռուս-թուրքական ջերմացման պատճառ հանդիսանա, և կանաչ լույս վառվի ինչպես «Թուրքական հոսք» գազատարի շինարարության, այնպես էլ Աքքույուի ատոմակայանի շինարարության առջև, Հայաստանի` առանց այն էլ լուրջ խնդիրները կարող են էլ ավելի խորանալ:
Գևորգ Դարբինյան