Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ տեղեկացրեց, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը ծեծի էր ենթարկվել այս տարվա ապրիլի 9-ին ոստիկանության աշխատակիցների կողմից` Բաղրամյան պողոտայում հանրահավաքից հետո երթի դուրս եկած բազմության և ոստիկանության միջև տեղի ունեցած ընդհարման ժամանակ: Միջադեպի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ` բռնությամբ զուգորդված` պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով: Եվ ահա ՀՔԾ-ն որոշել է այդ գործը կարճել`հիմնավորելով դա իրավիճակի փոփոխությամբ:
Արմեն Մարտիրոսյանի կողմից թերթին տրված մեկնաբանությունից կարելի է կարծել, թե, «իրավիճակի փոփոխություն» ասելով, ՀԾՔ-ում նկատի են առել այն հանգամանքը, որ, այդ դեպքի հետ կապված, երկու ոստիկան ազատվել է աշխատանքից: Եվ քանի որ նրանք այլևս ոստիկաններ չեն, հետևաբար, ըստ երևույթին, նրանց հնարավոր չէր մեղադրել պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Եթե իսկապես ՀՔԾ-ն, «իրավիճակի փոփոխություն» ասելով, սա է նկատի ունեցել, ապա ստացվում է, որ ոստիկանության այդ երկու աշխատակիցները ժամանակին աշխատանքից ազատվել են ոչ այնքան պատժվելու, որքան ավելի խիստ պատժից ազատվելու համար: Այսինքն` համակարգը ի սկզբանե առաջնորդվել է նրանց պաշտպանելու սկզբունքով:
Օգոստոսի վերջին օրերին Կոմիտաս 5 հասցեում և Երևանի քաղաքապետարանի մոտ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնի գործողությունները ցույց տվեցին, որ ոստիկանությունն աստիճանաբար պատռում է դիմակը` հիմնական նպատակ դարձնելով հասարակությանը վախ ներշնչելը, ահաբեկելը: Ոստիկանությունը, ինչպես նաև ողջ արդարադատության համակարգը, այլևս դադարել է ինքնախաբեությամբ զբաղվելուց և բացահայտ հաստատում է, որ իր հիմնական առաքելությունը հասարակության և քաղաքացու իրավունքների հաշվին իշխանական համակարգի անվտանգությունն ապահովագրելն է: Արմեն Մարտիրոսյանին ծեծողների նկատմամբ հարուցված քրեական գործի կարճումը, իրենց քաղաքացիական ակտիվության համար Հայկակ Արշամյանին և Սուրեն Սաղաթելյանին խմբակային ծեծի ենթարկելու փաստով համառորեն քրեական գործ չհարուցելը, անհրաժեշտ պաշտպանության անվան տակ թիկունքից մարդ գնդակահարողին ազատ արձակելը ոչ այլ ինչ է, եթե ոչ նման սեթևեթանքներից, ավելորդ ձևականություններից ձերբազատվելու և իրական առաքելությանն անցնելուն ուղղված քայլ: Դրանով համակարգը հաստատում է, որ հետայսու զանգվածային բողոքի դուրս եկած քաղաքացիներին ծեծելը, վիրավորելը, նվաստացնելը լեգիտիմ և երաշխավորված գործողություններ են: Այս երաշխիքները պետական իշխանությունը փաստացի տալիս է ոչ միայն ոստիկաններին, այլև յուրաքանչյուրին, ով նման կերպ պաշտպանում է քաղաքական իշխանության և օլիգարխիայի շահերը:
Արդարադատության համակարգի այս քողազերծումը թերևս պայմանավորված է երկու իրողությամբ: Նախ` համակարգը վախենում է սոցիալական այն պայթյունից, որը կարող է առաջանալ հասարակական տարբեր շրջանակների բողոքի շարունակական, բայց կտրտված պայքարի հնարավոր միատեղման պատճառով: Դրա համար էլ փորձում է «օձին հենց բնում խեղդել»` խաղարկելով ամենազոր ու կոշտ իշխանության կերպարը: Երկրորդ` իշխանությունն այլևս եվրոպական ֆրակ հագնելու խնդիր չունի: Այն հանել է այդ զգեստը, որը նրան չափազանց նեղ էր գալիս և հագնում է «ռուսական սապոգը», որն ամեն ինչ կարող է տրորել ցեխի մեջ: Եվրոպան չի կարող երաշխավորել իշխանության կենսունակությունը և ամբողջականությունը և այն ձևականությունները, որոնք ուղղված էին եվրոպացիների աչքերին թոզ փչելու համար, այլևս իմաստազրկվել են ու թվում են ծիծաղելի: Մաքսային միությանը միանալով` իշխանական մեքենան, նոմենկլատուրան, վերադառնում է հին ու փորձված ավտորիտար գործիքակազմին: Եվ սրանք առաջին այն պտուղներն են, որ քաղում է Հայաստանը` եվրասիական ուղին որդեգրելով: Մինչդեռ հենց այս կետում է երևում` քանի կոպեկի արժեք ունեն, Մաքսային միությանը միանալով հանդերձ, եվրոպական զարգացման ուղիով առաջ գնալու հավաստիացումները:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ