կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-31 13:18
Հասարակություն

Երեխաս, առնվազն` թոռս, առաջիկայում պիտի լողա Վանա լճում այնպես, ինչպես ես` Սևանում

Երեխաս, առնվազն` թոռս, առաջիկայում պիտի լողա Վանա լճում այնպես, ինչպես ես` Սևանում

Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը համոզված է, որ իր երեխան, առնվազն` թոռը, առաջիկայում պիտի լողա Վանա լճում այնպես, ինչպես ինքը` Սևանում: «Մեր տարածքները մերը չեն լինի, եթե մենք մտածենք, որ այլևս չենք կարող դրանք հետ բերել»,- այսօր լրագրողներին ասաց նա:

Օրդուխանյանը Հայաստան է եկել՝ Եղեգնաձորում Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հովանու ներքո իրականացվող Հայ-գերմանական բարեկամության հերթական այգին բացելու: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում ևս մի այգի կբացվի գերմանական ամենամեծ բուսաբանական այգում:

«Նորատունկ ծառերի կողքին, ճիշտ է, դեռ ցուցանակներ չկան, որոնք կհուշեն, որ ծառերը հայկական են, բայց մենք սպասում ենք, որպեսզի նրանք մի քիչ ամրանան, հետո ցուցանակներ տեղադրենք: Բանն այն է, որ Գերմանիայում մեծ թվով թուրքեր կան, և նրանք կարող են վնասել ծառերը»,- ասաց Օրդուխանյանը` հավելելով, որ հայկական սոսիներ են տարել Գերմանիա և տնկել տարբեր հաստատությունների բակերում:

Ըստ նրա` եթե իրենք Գերմանիայում լավ աշխատեն, կարող են հասնել նրան, որ Ցեղասպանությունը ճանաչվի: «Եթե Հայաստանում սահման կա, ապա դրսում սահմաններ չկան, խրամատ չունենք. ցանկացած միջոցառման ժամանակ մեկ էլ կարող է տեսնես` կողքիդ թուրք է նստած»,- ասաց Օրդուխանյանը:

Ըստ նրա` անհրաժեշտ է այլ քայլեր իրականացնել, դրսում խաչքարագործությամբ կամ եկեղեցաշինությամբ այլևս հաջողությունների չենք կարող հասնել: «Եվրոպան այլևս քրիստոնյա չէ, մեր պայքարի միջոցները պետք է փոխվեն, որպեսզի կարողանանք հաջողության հասնել»,- նշեց Օրդուխանյանը: