կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-30 14:33
Քաղաքական

Ինչով էլ փորձեն լվանալ թանաքը, ուլտրամանուշակագույն ճառագայթները ցույց են տալիս, որ մարդն արդեն քվեարկել է. Արամ Մանուկյան

Ինչով էլ փորձեն լվանալ թանաքը, ուլտրամանուշակագույն ճառագայթները ցույց են տալիս, որ մարդն արդեն քվեարկել է. Արամ Մանուկյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ ընտրացուցակների ուռչացված լինելու խնդրին: Նրա խոսքով` իշխանությունը, ընտրացուցակներն ուռճացնելով, ավելացնում է կեղծելու հնարավորությունը:

«Հայաստանի ազգաբնակչության 25 տոկոսը կազմում է 700 հազար մարդ, բայց իշխանությունները խնդիր չունեն մեռածներին, Լոս Անջելեսում ապրողներին այնտեղից հանելու, որովհետև Լոս Անջելեսում ապրողների հաշվին են կարողանում քվեարկել՝ ընտրացուցակներում ավելացնելով լրացուցիչ անձնագրեր ու նույնականացման քարտեր»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ նույնականացման քարտերի մասին խոսելիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 15-ին մի քանի լրագրողների ներկայությամբ ասել է, որ նույնականացման քարտ ունի 5 հազար քաղաքացի, մինչդեռ՝ այսօր խոսվում է 182 հազարի մասին:

«Մինչև նույնականացման քարտը համապատասխան սարքով չես ստուգում, դա առոչինչ է, ստից թուղթ, այդ սարքն արժե 3 հազար դրամ, դրանով աշխատում են բոլոր հաշվապահները, մաքսայինները: Հայաստանը վաղուց ունի միասնական տեղեկատվական համակարգ: Եվ եթե հաշվի առնենք, որ ցուցակներում 20 տոկոսը կրկնվող անուն-ազգանուններ են, ուստի կրկնակի քվեարկությունները հնարավոր են նույնականացման քարտերով»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով մատների թանաքոտման հարցին՝ Արամ Մանուկյանը նշեց, որ հեքիաթ է քաղաքական մեծամասնության պնդումը, թե թանաքը կարող է ջնջվել: «Ինչով էլ, որ փորձեն լվանալ թանաքը, միևնույն է, լապտերի ուլտրամանուշակագույն ճառագայթներով երևում է, որ մարդն արդեն քվեարկել է, մանավանդ՝ աշխարհը այդ փորձն արդեն կիրառել է»,- ասաց նա: