կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-28 12:55
Իրավական

Օշականցի Գևորիկի եղբորորդին դատապարտվեց

Օշականցի Գևորիկի եղբորորդին դատապարտվեց

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբորորդին՝ 26-ամյա Գևորգ Սերգեյի Մելիքյանը, դատապարտվել է 600 հազար դրամ տուգանքի:

Հիշեցնենք, որ Գևորգ Մելիքյանը և նրա ընկերը՝ Օշական գյուղի բնակիչ Աշոտ Ավագյանը, այս տարվա հունվարին ավտոլվացման սարքից և սրճեփ մեքենայից մետաղադրամներ էին գողացել: Որքան էլ զավեշտալի է, գողությունը կատարվել է Գևորգի ԲՄՎ X5 մակնիշի 79 ՍՈ 999 համարանիշի մեքենայով: Գողոնի ընդհանուր չափը եղել է 47 հազար դրամ: «Հանցագործները» սարքերը բացել ու  գողացել են մետաղադրամները՝ մետաղյա ձողի կիրառմամբ: Ըստ նախաքննական մարմնի՝ գողացված գումարը ծախսել են իրենց կարիքների համար: Կատարվածը ֆիքսել են ավտոլվացման կետի տեսանկարահանող սարքերը:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալներն իրենց մասնակի են մեղավոր ճանաչել: Մասնավորապես՝ Գ. Մելիքյանն իր ցուցմունքում հայտնել է, որ կատարածի համար զղջում է, տուժողներին պատճառած վնասը Աշոտ Ավագյանի հետ միասին հատուցել են:

Նշենք, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական փորձարարության ընթացքում Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում Գ.Մելիքյանը և Ա.Ավագյանը մատնացույց են արել «Ռոման Ենոքյան» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի սպասասրահում գտնվող սուրճի ապարատը և հայտարարել, որ նշված ապարատից են կատարել են գողություն: Գործով վկա՝ «Ռոման Ենոքյան» ՍՊԸ-ի գազալցակայանի մեքենավարը դատարանին հայտնել է, որ Գևորգ Մելիքյանի նկատմամբ բողոք կամ պահանջ չունի:

Վճիռ կայացնելիս դատարանը, որպես Գևորգ Սերգեյի Մելիքյանի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել այն, որ նա երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, խնամքին է գտնվում 14 տարին չլրացած մեկ երեխան, ներկայացել է մեղայականով, բնութագրվում է դրական, զղջում է կատարածի համար, տուժողներին պատճառված վնասը ամբողջությամբ հատուցված է: