Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրեական աշխարհում Դոն Պիպո մականունով հայտնի, ներկայումս կալանքի տակ գտնվող Արթուր Ասատրյանն այսօր չէր բերվել իր սպանությունը նախապատրաստած անձանց գործով առաջին դատական նիստին:
Դատարան չէին ներկայացել նաև գործով մյուս տուժողները` երկու այլ քրեական հեղինակություններ՝ Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը և Օշականցի Գևորիկ անունով հայտնի Գևորգ Մելիքյանը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան էին բերվել միայն գործով ամբաստանյալները: Նրանցից միայն մեկի՝ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպաններն էին նիստին ներկայացել: Մյուսների պաշտպանները դատարան գրություն էին ուղարկել ու հայտնել, որ այլ ծանրաբեռնվածության պատճառով այսօրվա նիստին ներկայանալ չեն կարող:
Գործով ամբաստանյալ Արկադի Քոչինյանը հայտարարեց, որ ինքը հրաժարվում է պաշտպան ունենալու իր իրավունքից: Ամբաստանյալը դատարանին խնդրեց գործի նյութերը տրամադրել իրեն, որպեսզի ծանոթանա դրանց: Մեղադրյալը նշեց, որ իրեն գործն ամբողջ ծավալով պետք չէ, և բավարար են միայն իր դեմ եղած ապացույցները:
Դատավոր Վահե Խալաթյանը տևական ժամանակ փորձում էր ամբաստանյալին բացատրել, որ իր համար դժվար կլինի միայնակ «գլուխ հանել» մեծածավալ գործի հատորներից, սակայն Քոչինյանը պնդեց, որ այս պահին հրաժարվում է իր պաշտպանից:
Դատարանը, հաշվի առնելով գործով մյուս պաշտպանների և տուժողների բացակայությունը այսօրվա դատական նիստը հետաձգեց:
Զոհրաբ Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը մի քանի լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա տեղեկացրեց նաև, որ իր պաշտպանյալը չի առևանգվել, իսկ ինչ վերաբերում է հրապարակված տեսանյութին, որում, գործով ամբաստանյալների նկատմամբ ճնշումներ գործադրելով, նրանցից ցուցմունք են կորզում, ապա այդ տեսանյութը պաշտպանական կողմի համար տարակուսելի է: Նա հայտնեց, որ նախաքննության ընթացքում իրենք մի քանի անգամ միջնորդել են, որպեզի տրամադրվի տեսանյութը, սակայն չեն տրամադրել:
Պաշտպանը նաև հայտնեց, որ այս գործի շրջանակներում հարցաքննվել են թե' Անդրանիկ Սողոյանը և թե' Գևորգ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության համար 2017թ. մայիսի 24-ին Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծվել էին Վազգեն Ղազախեցյանը, Արտակ Այվազանը, Արկադի Քոչինյանը: Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող անձինք կալանքի տակ են 2017-ի մայիսից:
Համաձայն մեղադրանքի` Զոհրաբ Ղումաշյանը քննությամբ չպարզված անձի դրդչությամբ պատվիրել է Արտակ Այվազյանին մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի և Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ղեկավարելով ու կազմակերպելով սպանությունների նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրվել ու պահել հրազեն և ռազմամթերք։
Արտակ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, քննությամբ չպարզված անձի դրդչությամբ, Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի և Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրվել ու պահել հրազեն և ռազմամթերք։
Ըստ մեղադրանքի` Արկադի Քոչինյանն էլ, քննությամբ չպարզված անձի դրդչությամբ, Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի և Արտակ Այվազյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերվել, փոխադրվել ու պահվել հրազեն և ռազմամթերք։
Վազգեն Ղազախեցյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, քննությամբ չպարզված անձի դրդչությամ,բ Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Արտակ Այվազյանիվև Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրվել ու պահել հրազեն և ռազմամթերք։