կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 11:52
Իրավական

Օշականցի Գևորիկի հետախուզվող եղբորորդին 6 ամիս անց հայտնաբերվեց

Հայտնի քրեական հեղինակություն Գևորգ Մելիքյանի՝ Օշականցի Գեւորիկի եղբորորդին՝ Ալբերտ Մելիքյանը, օրերս կալանավորվել է: Հետախուզման մեջ գտնվող 27-ամյա Ալբերտ Մելիքյանը հայտնաբերվել է հունվարի 26-ին Օշական գյուղում եւ բերման ենթարկվել ոստիկանության բաժին: Նա հետախուզվում էր անցած տարվա հոկտեմբերից. մեղադրվում էր մարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ:

Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով Աշտարակի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 4 հոգի` Աշտարակի բնակիչներ 40-ամյա Վաչե Մովսիսյանը, 47-ամյա Գեւորգ Գարանյանը, 32-ամյա Ռաֆիկ Ջուլհակյանը եւ 37-ամյա Արման Միրզոյանը: Նախնական տեղեկություններով՝ հիշյալ հանցագործությունը կատարել էր Օշական գյուղի բնակիչ Ալբերտ Մելիքյանը, ով հանցագործությունը կատարելուց հետո դեպքի վայրից փախուստի է դիմել BMW X5 մակնիշի ավտոմեքենայով:

Նշենք, որ Ալբերտ Մելիքյանը նախկինում դատապարտված է եղել: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012-ի մարտի 5-ի վճռով Ալբերտ Սաշայի Մելիքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն կատարելը) և պատժվել 50.000 դրամ տուգանքով:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ալբերտ Մելիքյանը Հյուսիսային պողոտայի մոտակայքում իր կողմից շահագործվող ԲՄՎ մակնիշի ավտոմեքենան վարելիս ցանկացել է շրջանցել հետիոտնային անցումի մոտ հետիոտներին զիջելու նպատակով կանգ առած ավտոմեքենաները, ինչի ընթացքում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել: Մասնավորապես` իր անձի կարծեցյալ առավելությունը ցուցադրելու մղումներով հասարակության մեջ գոյություն ունեցող բարոյական նորմերը ոտնահարելով, ավտոմեքենան վարել է մայթով քայլող ԱՄՆ քաղաքացի Կամ Ասղարանա Նյումենի անչափահաս երեխաների ուղղությամբ, իսկ երբ վերջինս այդ կապակցությամբ դիտողություն է արել, Ա. Մելիքյանը գոռացել է և աղմկել, ապա, ավտոմեքենան վարելով, հեռացել: