Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 16-22-ը Նյու Յորքում մեկնարկում է դերասան և պրոդյուսեր Նորա Արմանիի կողմից դեռևս 2013-ին հիմնադրված SR` սոցիալական առկա խնդիրներին նվիրված կինոփառատոնը: Այն անցկացվելու է Թրիբեկա կինոթատրոններում: Փառատոնում ընդգրկված են 33 երկրներից ներկայացված 54 ֆիլմեր:
Փառատոնում ընդգրկվել են նաև հայկական ֆիլմեր` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Իմ մայրիկի ձայնը» (Քեյ Մուրադյան), «Ադանայում ծնվածը» (Դավիթ Հովան), «Կիպրոսյան ամառ-1974» (Վիկտորյա Բութլեր-Սլոս) և «24 /Հավատով» (Հավատով խոստովանում եմ) (Շահեն Նազարենկո): Այս ֆիլմերից յուրաքանչյուրը մի հայի պատմություն է:
Ռեժիսոր Դավիթ Հովանի «Ադանայում ծնվածը» ֆիլմի հիմքում ընկած է Ֆրանսիայի կողմից Ադանայի հանձնումը թուրքերին, որը պատճառ է դարձել մեկ այլ տեղահանության և այդ քաղաքից հայերի հետագա արտաքսման: Քեյ Մուրադյանի «Իմ մայրիկի ձայնը» ֆիլմի հիմքում Հայոց Մեծ եղեռնի ժամանակ որբացած 14 տարեկան աղջկա իրական պատմություն է, ով ճանապարհ է ընկնում դեպի Ամերիկա՝ ամուսնանալու մի մարդու հետ, որին տեսել էր միայն լուսանկարով: Իսկ Շահեն Նազարենկոյի «Հավատով խոստովանում եմ» ֆիլմը ստեղծվել է Հայ առաքելական եկեղեցու ազնիվ ու սուրբ առաջնորդներից մեկի՝ Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանում եմ» աղոթքի հիման վրա:
Կինոփառատոնում ընդգրկված են այնպիսի ֆիլմեր, որոնք անդրադառնում են հասարակական հնչեղություն ունեցող խնդիրներին: Մասնավորապես` անդրադառնում են ռասայական փոխհարաբերություններին ու խտրականությանը, կանանց դեմ իրականացվող բռնություններին, ոստիկանության դաժանություններին, ներգաղթին ու աքսորին:
«Ես հավատում եմ, որ բռնության արտացոլումը մեր էկրաններին և տեսախաղերում պատասխանատու է մեր հասարակության մեջ չարի արմատավորման և հաղորդակցության միջոցներով բռնության տարածման համար: Շատ ֆիլմեր ներկայումս քաջալերում են խեղաթյուրումը, արմատացած կարծրատիպերը և երիտասարդների ու չափահասների շրջանում ստեղծում խուսափողական վերաբերմունք հիմնական սոցիալական խնդիրների վերաբերյալ: Մինչդեռ, ընդհակառակը, պարզապես ավելի շատ կենտրոնանալով սոցիալական ուղղվածություն ունեցող թեմաներին` կարելի է կինոյի հզոր ուժի միջոցով նպաստել սոցիալական դրական փոփոխություններին»,- ասում է Արմանին:
Նորա Արմանին դերասանության և կինոռեժիսուրայի մրցանակակիր է: Նա կազմակերպում և իրականացնում է ֆիլմերի ցուցադրման հանդիսություններ և հյուրընկալում միջազգային ու Միացյալ Նահանգների ֆիլմերի փառատոներ՝ ACI-ը Լոս Անջելեսում և Քենեդի կենտրոնը Վաշինգտոնում: Ֆիլմերի արտադրության իր փարիզյան ընկերության՝ SQUARE MANGO FILMS-ի միջոցով նա կազմակերպել է ֆիլմերի ցուցադրություններ նաև Պոմպիդուի կենտրոնի հետ Փարիզում, Լոնդոնի ժամանակակից արվեստի ինստիտուտում (ICA), Բրիտանական գրադարանում, Էդինբուրգյան ֆիլմերի փառատոնում, Հնդկաստանի «Քերալա» ֆիլմերի փառատոնում, Բիրմինգհեմում, Ինվերնեսում, Քարդիֆում: Որպես ինքնատիպ կինոարտադրող` Արմանիի ֆիլմերը ցուցադրվել են Կաննի կինոփառատոնի պաշտոնական ընտրանու ցանկում, Ռոտերդամում, Փարիզում, Լոնդոնում, Քեմբրիջում, Էդինբուրգում, Դենվերում, Օրեգոնում, Մոնակոյում, Շանհայում և Նյու Յորքում: