կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-27 17:20
Առանց Կատեգորիա

Հասանք ապահով Հայաստան

Հասանք ապահով Հայաստան

Փաստը, որ Հայաստանը ճանաչվել է աշխարհի ամենաապահով երկրներից մեկը, ամենեւին էլ բրիտանացի գիտնականների հայտագործությունը չէ: Թեև 1935-ին ամերիկացի Ջորջ Գելափի կողմից հիմնադրված Gallup կազմակերպությունը, որը եւ մեր երկիրը ճանաչել է աշխարհում ամենաապահովներից մեկը, հաստատ գոնե մեկ-երկու բրիտանացի գիտնական կունենա իր կազմում, այնպես որ՝ շատ հնարավոր է, որ Հայաստանն ամենաապահովներից մեկն է ճանաչվել` համաձայն, այդ թվում, բրիտանացի գիտնականների:

Ինչեւէ, Gallup-ը հրապարակել է իր` «Համաշխարհային իրավունք եւ կարգ-2015» զեկույցը, որում ներկայացրել է այն երկրները, որտեղ մարդիկ ապահով են իրենց զգում «գիշերը միայնակ քայլելիս»: Ընդ որում՝ նույն զեկույցում կազմակերպությունը տվել է նաեւ այն երկրների անունները, որտեղ մարդիկ իրենց ապահով չեն զգում «գիշերը միայնակ քայլելիս»:

Ըստ զեկույցի` Հայաստանն աշխարհի 9-րդ երկիրն է` ապահովության տեսանկյունից: Հետաքրքրության համար ասենք, որ ամենաապահովների ցուցակը գլխավորում է Սինգապուրը, բայց ավելի կարեւոր է իմանալ, որ երկրորդ տեղում Հոնկոնգն է: Թե ինչո՞ւ է սա ավելի կարեւոր, դեռ կխոսենք:

Ճշգրտման համար ասենք, որ այն փաստը, որ, միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, մեր երկիրը հռչակվել է աշխարհում ամենաապահով գիշերային զբոսավայրերից մեկը, դեռ չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաջողել է իր` «Դեպի ապահով Հայաստան» նախընտրական խոստումի կատարումը: Բանն այն է, որ, եթե ՀՀԿ-ի մատն այս զեկույցի կազմման գործում խառը լիներ, ապա Հայաստանը կլիներ ոչ թե 9-րդը` ապահովների ցուցակում, այլ առնվազն երկրորդը` Հոնկոնգի փոխարեն:

Ի դեպ` Հոնկոնգի մասին: Ըստ ամենայնի՝ Gallup-ի այս ցուցակի կազմման գործում, այդուհանդերձ, ոչ թե մասնակցել են, այլ էականորեն են մասնակցել բրիտանացի գիտնականները, քանի որ միայն բրիտանացիները կարող են շարունակել նախկինում իրենց պատկանող Հոնկոնգ` երբեմնի քաղաք-պետությունը շարունակել ընկալել որպես անկախ պետություն: Այնինչ՝ արդեն մի քանի տարի է, ինչ Հոնկոնգը Չինաստանի անթիվ-անհամար քաղաքներից մեկն է եւ, տրամաբանորեն, չի կարող համարվել աշխարհի ամենաապահով երկրորդ երկիրը, քաղաքը` գուցե, բայց երկիրը` ոչ:

Հետեւաբար, Gallup-ի այս ցուցակում անճշտություն կա, եթե չասենք` կոպիտ սխալ: Այն անգամ չի վերաբերում կիսապատերազմական կամ լավ էլ պատերազմական վիճակում գտնվող մեր երկիրն ապահովների ցանկում ընդգրկելուն, այլ վերաբերում է Հոնկոնգին, որը, եթե չներառվեր ցուցակում, ապա Հայաստանը կլիներ աշխարհի ոչ թե 9-րդ ապահովը, այլ 8-րդը:

Հիմա այդ տեղում Տաջիկստանն է, ի դեպ, որտեղ, փաստորեն, ավելի ապահով է գիշերային զբոսանքը, քան Հայաստանում: Ամեն դեպքում` միայնակ մի զբոսնեք Երեւանում, այն էլ` գիշերային ժամերին, ոչ թե, որովհետեւ ապահով չէ, այլ, որովհետեւ միայնությունը լավ բան չէ:

Հովիկ Աֆյան