կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 11:48
Հասարակություն

Հասանք, իջեք…

Հասանք, իջեք…

Գյումրիի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը մայիսի 15-ին ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի նիստի օրակարգում մի նախագիծ առաջադրեց, որը մինչ օրս քննարկումների տեղիք է տալիս: Մուշեղյանն առաջարկում է որոշ բուհեր Երևանից տեղափոխել Գյումրի` որպես Գյումրիի զարգացման հերթական ծրագիր: Ծրագրին հավանություն են տվել ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ու ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

 

Ուշագրավ է այն հանգամանքը, որ երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ բուհերը Գյումրի տեղափոխելու նախագիծ չկա, իսկ զուգահեռ անցկացվող մամլո ասուլիսում Նարեկ Սարգսյանն ասում էր, որ նախագիծը քննարկվում է, բայց խոսքը բոլոր բուհերի մասին չէ, այլ՝ մեկ-երկու բուհի, ընդ որում` բուհերի տեղափոխումը արագ լինող ու հեշտ ծրագիր չէ:

 

Աչքի անցկացնելով Գյումրիում գտնվող բուհերի կամ բուհերի մասնաճյուղերի ցանկը` տեսնում ենք, որ Գյումրին բուհառատ է. Գյումրիում են գտնվում ճարտարագիտականի, տնտեսագիտականի, կոնսերվատորիայի, գեղարվեստի և եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիաների մասնաճյուղերը, ինչպես նաև Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Գյումրու «Իմաստասեր Անանիա Շիրակացի» և «Պրոգրես» համալսարանները: Ստացվում է` Գյումրիում 5 բուհերի մասնաճյուղ և երեք էլ տեղական բուհեր կան, որոնք, անկեղծ լինենք, այնքան էլ քիչ չէ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ վերջին տարիներին դիմորդների թիվն էլ կտրուկ անկում է ապրում:

 

Ուշագրավ է, որ գյումրեցի շրջանավարտներից շատերը, չգիտես, թե ինչու, նախընտրում են գալ Երևան և ընդունվել նույն այն բուհերը, որոնք Գյումրիում էլ մասնաճյուղ ունեն: Ասում են` «պրիստիժի» հարց է: Գուցե, հաշվի առնելով հենց այս հանգամանքը, պետք է տեղում ենթակառուցվածքները զարգացնել, այլ ոչ թե բուհերը, երևի թե բեռնատարների վրա բարձած, տեղափոխել Գյումրի:

 

Բուհերը Գյումրի տեղափոխելու համար, ի դեպ, ուսանողների և դասախոսների կարծիքը դեռևս ոչ ոք հաշվի չի առել: Ի դեպ, կարծում եմ` արժե մի փոքր մտածել` արդյո՞ք Երևանի դասախոսական կազմը պատրաստ է ամեն օր, թեկուզ` Հյուսիս-հարավ ճանապարհով /առաջն Աստված/ հասնել Գյումրի, որտե՞ղ են մնալու ուսանողները, ո՞վ է փոխհատուցելու առաջացող ծախսերը /ասենք` Գյումրի տեղափոխված ուսանողի սննդի հարցը/: Ի դեպ, վախենալու է անգամ բուհերի տեղափոխման ծախսերի մասին պատկերացնել` շենքի կառուցում, հավանաբար` նաև հանրակացարանների… Իսկ ի՞նչ է պետք անել Երևանի գրադարանների, թանգարանների և թատրոնների հետ, որոնք դասերից հետո, թեև ոչ հաճախ, այցելում են ուսանողները, երևի դրանք, հումանիտար նկատառումներից ելնելով, ոչ թե կտեղափոխեն, այլ կկիսեն: Իսկ Հանրային գրադարանի հարցն ինչ է լինելու, որտեղ ես, օրինակ, ուսանողությանս տարիներին անցկացնում էի օրվա մի մասը:

 

Հիշեցնենք նաև, որ անցած տարի էլ քննարկվում էր ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը, բայց քանի որ նախարարության աշխատակիցների թիվն այնքան էլ մեծ չէ, որոշեցին անցնել այլ նախագծի:

 

Ի դեպ, Գյումրին զարգացնելու համար միգուցե նախ պետք է գյումրեցիների համար սոցիալական համապատասխան պայմաններ ստեղծել, որ ուսանողները դառնան վճարունակ, աշխատատեղերն ավելանան, մշակութային` եղած կենտրոնների ֆինանսավորումն ավելացնել, բարձրացնել աշխատավարձերը, ավելացնել գրադարաների և թատրոնների թիվը, անվճար տոմսեր բաժանել աշակերտներին և ուսանողներին, և եթե այսքանից հետո էլ Գյումրին չծաղկի` ես ինքս համալսարաններից մեկը թիկունքիս դրած կտանեմ Գյումրի:

 

Կարինե Հարությունյան

 

Հ. Գ. Գյումրիի վերականգնման հազար ու մի ծրագրեր են խոստանում ու օդ շպրտում, գուցե պետք է նաև դրանք կյանքի կոչել: Ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար` կնպաստեք Գյումրիի զարգացմանը: