կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-25 10:59
Քաղաքական

Մեծագույն հաջողության հասանք` շնորհիվ Էրդողանի. Հրանուշ Հակոբյան

Մեծագույն հաջողության հասանք` շնորհիվ Էրդողանի. Հրանուշ Հակոբյան

«Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփման ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ քարոզչական առումով հաջողություններ ենք գրանցել:

Ըստ նախարարի` քարոզչական տեսանկյունից մեծագույն հաջողության հասանք` շնորհիվ Էրդողանի, քանի որ Գալիպոլիի միջոցառումը ապրիլի 24-ին նշելը մեզ համար PR-ի լավագույն միջոց էր:

Հրանուշ Հակոբյանի խոսքով` 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում կատարվել է հսկայածավալ աշխատանք, ինչն ի նպաստ մեզ է եղել: «Աշխարհի ամենատարբեր ծայրերից Հայաստան էին ժամանել հեղինակավոր լրատվամիջոցներ` լուսաբանելու մեր երկրում տեղի ունեցող միջոցառումները: Երուսաղեմից, Եգիպտոսից, Լիբանանից, Ֆրանսիայից, Իտալիայից և բազմաթիվ այլ երկրներից էին եկել: Հատկապես ուզում եմ առանձնացնել իտալական լրատվամիջոցների աշխատանքը. նրանք ֆիլմ էին նկարել Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ ցանկանում է խոսել Սիրիայի համայնքի հայերի ոգու մասին: «Կարողացան բազմաթիվ ձեռնարկներ կազմակերպել: Շատ լայնածավալ աշխատանք է կատարվել: Փողոցներ են անվանակոչվել, բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ կատարվել»,- հայտնեց նախարարը:

Հակոբյանի խոսքով` ողջ աշխարհն էր հաղորդ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. «Նույնիսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ցույց արեցին, որտեղ ապրում է ընդամենը վաթսուն հայ»:

Ամփոփելով իր խոսքը` նախարարը նշեց, որ մեր համախմբման արդյունքում շատ բաների կարող ենք հասնել: «Եթե ուզենք, շատ բան կանենք, եթե ուզենք, սարեր շուռ կտանք»,- շեշտեց նա: