Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Yerkir.am-ը ներկայացնում է Ամալյա Եդիգարյանի` Վարդան Ստեփանյանին (Դաւշման Վարդան) նվիրված «Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք» գրքից («Հայաստան», Երևան, 1997) մի հատված:
- Մայիսի 6-ից դիրքավորված էինք,- ասում է Ռոբերտը,- ամեն մեկս մի քարի, մի թփի տակ ծվարած: Կռիվ տալով ժայռերը բարձրանալը կատակ գործ չէ, հոգնած, քաղցած, մեկ օր էլ ոչինչ չէինք կերել, անձրևն էլ անդադար գալիս էր, ու պարիսպների տակ նույն դիրքով մնացել էինք: Դուշմանի հետ անընդհատ կապի մեջ էինք: Աղդամի կողմից երևացին ադրբեջանական ուղղաթիռները: Սարերի տակից մեր հրանոթները աշխատեցին, այնպես աշխատեցին, որ մեկին շարքից հանեցին, երկուսն էլ հեռացան: Մի քանի րոպեից նորից հինգ ուղղաթիռ եկավ ու սկսեցին ռմբակոծել ու կրկին դիմեցին փախուստի: Հրանոթավար տղերքից զոհեր չեղան: Հետո ռադիոկապով լսվեց Վարդանի ձայնը.
- Տղերք, մի անհանգստացեք, հիմա ՍՈւ է գալու: Եկավ մեկ արկ գցեց Ստեփանակերտի, մեկ արկ էլ Ժիրոյի տղերքի վրա, որ Զառիսլուի ուղղությամբ էին աշխատում:
- Ուժասպառ դիմում են Վարդանին, դժգոհում քաղցած հոգբած վիճակից,- շարունակում է Ռոբերտը ու լսում Վարդանի պատասխանը.
- Տղաներ, հոգեբանական պատերազմը սկսված է: Եթե ձեր նյարդերը չդիմացան, հաղթանակի չենք հասնի:
Տղաներն էլ, մոռացած քաղց, հոգնածություն, ցուրտ, կռվի նետվեցին, և շատ շուտով Դուշմանն իր նպատակին հասավ: Մի երկու բառով կարողացավ բարձրացնել տղաների հավատը, որն, ինչպես գիտեք, պսակվեց հաղթանակով:
Հայ ազատամարտիկները դանդաղ, բայց հաստատաքայլ շարժվում էին առաջ: Նրանց հաջողվում է ոչնչացնել թշնամու մեկ տանկ, որը մեծ ոգևորություն է առաջացնում: Թուրքերին էլ հաջողվում է խփել մեր տանկը, որն այսօր վերանորոգվել և հաղթականորեն իր արժանի տեղն է գտել Շուշի-Ստեփանակերտ տանող ճանապարհի ձախ կողմում:
Գիշերը Շուշիում մարտերը շարունակվում էին: Դրանք արդեն ընթանում էին քաղաքի փողոցներում: Հակառակորդը նահանջի էր դիմում:
- Լուսաբացին` ժամը 9-10-ի մոտերքում, Աշոտենք բարձրանալով մտան բերդ,- պատմում է Վարդանը:- Այստեղից էլ սկսվեց Շուշի քաղաքի սանրումը: Ժամը 10:30-ին հասանք եկեղեցի, ուր պարզվեց, որ գիշերը թուրքերի հիմնական ուժերը դուրս էին եկել: Հատուկենտ ուժեր էին մնացել, որ չէին հասցրել փախչել: Ու բոլոր վաշտերը սկսեցին իրար գլխի հավաքվել: Հա, մոռացա ասել` աջ ուղղությամբ էլ Ռուսլանի վաշտն էր շարժվում: 2 տուն վառեցին, ցույց տալով, թե որտեղ էին գտնվում, քաղաքի խորքերին էին:
Մտանք եկեղեցի, տեսանք, որ եկեղեցին «Գրադի» պահեստ էին դարձրել: Դուրս եկան, ինչ տեսնենք, Ամուլյանը «ԳԱԶ-24»-ով կանգնել էր, պահոցում էլ` լիքը շամպայն: Շնորհավորեցինք մեկմեկու հաղթանակի համար, խմեցինք ու նստեցինք եկեղեցու ստվերում, սկսեցինք ծխել ու հանգստանալ:
Արդեն մտել էինք Շուշի, այդպես էլ օգնության շտապող 4-րդ վաշտը օգնության չհասավ, որովհետև նրանց տանկը խփեցին, ճանապարհը փակեցին, զոհեր եղան, չկարողացան առաջխաղացում ունենալ (խոսքը վերը նշված տանկի մասին է): Հաղթանակի բախտորոշ վիճակը կիսում է նաև Ռուսլանը, որովհետև լավ գրոհով, առաջխաղացումով ապահովեց բարձունքի գրավումը:
- Շուշիի օպերացիայից առաջ խմբապետական մի խորհրդի ժամանակ ընդհանուր հրամանատարն ուզում էր իմանալ, թե ով ինչ կարծիքի է` արդյո»ք կկարողանանք հասնել այդ դժվարին գործի հաղթանակին: Յուրաքանչյուրը մի միտք արտահայտեց, սակայն Դուշմանի առաջարկին բոլորը հավանություն տվեցին. «Ես համոզված եմ, որ միայն պարտիզանական խմբերով է դա հնարավոր և այն էլ քիչ կորուստներով»,- պատմում է պարոն Հարությունը: Երբ արդեն Շուշիում խրախճանք էր, Դուշմանը, շամպայնի շիշը ձեռքին, գնում է գերեզմանատուն: Անցնում է գերեզմանից գերեզման, շիրիմ առ շիրիմ ու գոռում. «Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»: Խիստ հուզիչ պահ էր, կարծում էին, թե Վարդանը խելագարվել է…
Այո, մայիսի 9-ի լուսաբացին հայ ազատամարտիկները մտան Շուշի և վերջապես ազատագրեցին Շուշին, և հաղթանակի եռագույնը ծածանվեց Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու վրա: Թշնամին պղծել էր այն, զինապահեստ դարձրել: Այստեղ էին պահում «Գրադ» կայանքը, որից հետո արկերն ուղղում Ստեփանակերտի և հայկական բնակավայրերի վրա:
Երկար ու ձիգ տարիներ հետո այստեղ հոգեհանգստի արարողություն է: Մարդիկ միմյանց շնորհավորում են, եղած-չեղածով սեղան բացում, խմում հաղթանակի կենացը, իհարկե, հոտնկայս հիշում նրանց, ովքեր, ավաղ, մնացին մարտի դաշտում:
Այո, մտան Շուշի: Անցան փողոցից փողոց, տնից տուն, այնպես, որ ազերիների ոչ մի հետք չմնա:
Շուշին ազատագրեցին: Շուշին դարձավ հայաշունչ: Ուրախության արցունքներ էին հորդում ամեն մի հայի աչքերից: Իսկական տոն էր Մայիսի 9-ը: Թնդում էր զուռնայի զիլ ձայնը, և Շուշիում երկարում էր ավանդական քոչարին:
Իսկ Վարդանը, Ղազանչեցոց եկեղեցու չորս բոլորը պտտվելով, խենթի պես համբուրելով, ինչպես «պարոն» Հարությունը, այնպես էլ շատ ընկերներ են պատմել, իրեն գցում է գերեզմանոց, ձեռքին էլ շամպայնի շիշ, կաթիլ-կաթիլ կաթեցնում է պապերի շիրիմներին ու բացականչում. «Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»:
- Զենքի ուժով է միայն հաղթություն…,- ասել է ու երգել, երգել հոգեթով: Սիրտը պայթում էր ուրախությունից: Տիկ-տակ, տիկ-տակ, սրտիկ, ինչ հեշտ ես բաբախում, երբ լսում ես, որ բռնոտված Շուշին, Գանձասարը, Արցախը կրկին քո լեզվով` հայերեն են բաբախում, ջրերդ հայերեն են հոսում…
Թող Աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ էլ պատահի,
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ…
Հե՜յ գիտի, ողորմի քեզ, Համո Սահյան, որ ուժ, խնդություն, ազգային ոգեղենություն ես տվել հայոց առյուծորդուն…
Շուշիի ազատագրումից հետո հայ առյուծորդու առաջին հարցազրույցն է, որն էլ սիրով ներկայացնում եմ («Դրոշակ» ամսագիր, 4.10.1992 թ.):
«-Վարդան, Շուշիի կռվից առաջ ինչպիսի՞ն էր զինվորների տրամադրությունը, և ի՞նչ եք զգում այսօր, երբ Շուշին ազատագրված է:
- Կռվից առաջ ավելի լավ էր, քան հիմա: Միշտ էլ այդպես է լինում: Թվում է` մի տեսակ դատարկված ենք…
- Տղաները ինչպե՞ս էին կռվում:
- Հրաշալի: Հաճախ հրամաններով զսպում էինք նրանց ոգևորությունը, որ անտեղի զոհեր չտայինք: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ տղաները պատրաստ էին անգամ ատամներով կռվել ու … հրասայլեր կանգնեցնել:
- Հաղթանակի հիմնական գաղտնիքը ո՞րն էր:
- Թուրքերի նյարդերը չդիմացան: Մերոնք հոգեբանորեն արդեն իսկ հաղթել էին նրանց: Այլապես դժվար թե Շուշին գրավեինք: Հարձակումը շատ շեշտակի էր: Սկզբում վիրավորներին չէինք հասցնում հանել կռվի դաշտից, բայց դա մերոնց չէր վհատեցնում, չէր կասեցնում հարձակման թափը:
- Որևէ այլ բան կցանկանայի՞ք ասել:
- Ամեն ինչ լավ կլինի»: