կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-19 11:39
Հասարակություն

Թուրքիան Հայկական հարցով զբաղվելու ռեսուրսներ և ժամանակ չունի. քաղաքագետ

Թուրքիան Հայկական հարցով զբաղվելու ռեսուրսներ և ժամանակ չունի. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի սահմանին տիրող վիճակին:

Ըստ նրա`Հարավային Կովկասի զարգացումներն ուղիղ ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի վրա. Սիրիայում տիրող վիճակի համատեքստում` Թուրքիան, ունենալով ներքին և արտաքին խնդիրներ, փորձում է ակտիվ լինել Հարավային Կովկասում:

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններում ակնկալվող դրական փոփոխությունների մասին` քաղաքագետը նշեց, որ նման զարգացումներ սպասելը ճիշտ չէ, քանի որ իրադարձությունների այսպիսի դասավորության դեպքում դրական տեղաշարժեր չեն սպասվում:

«Թուրքիայում ազգայնական տրամադրությունների աճ կա: Հայ-թուրքական հարաբերությունները սպառնալիքի տակ են: Եթե անդրադառնամ ուղղաթիռների հետ կապված միջադեպին, ասեմ`գրեթե համոզված եմ, որ պատահականություն էր սա, սակայն մեր արձագանքը պետք է մի փոքր այլ լիներ: Սրա մասին պետք է բարձրաձայնվեր միջազգային ատյաններում: Իհարկե, ուղղաթիռը պետք չէր խոցել, բայց այսպես էլ արձագանքելը ճիշտ չէր»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Նրա կարծիքով`Թուրքիան Հայկական հարցով զբաղվելու ռեսուրսներ և ժամանակ չունի: 

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այս պահին նրա ակտիվությունը կասեցված է` համեմատած մեկ ամիս առաջվա հետ: «Ասեմ, որ Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորություն չեմ տեսնում: Օրինակ` Նյու Յորքում ակնկալվում էր այդ հանդիպումը, սակայն տեղի չունեցավ: Հավանաբար, արտգործնախարարները ևս մեկ հանդիպում պետք է ունենան, նոր հնարավոր լինի մտածել նախագահների հանդիպման մասին»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով`մեր դիվանագիտությունը կաղում է և բավականին հետ է մնացել ՊՆ գործողություններից: