Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պատգամավոր Էլինար Վարդանյանին ԲՀԿ-ից հեռացնելու խնդրին:
«Քննարկումներ են եղել և միաձայն որոշում է կայացվել` ԲՀԿ-ից հեռացնել Էլինար Վարդանյանին: Յուրաքանչյուր կուսակցությունում կարող են նաև նման բաներ լինել։ ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու, այլ այն բանի, որ նշված անձինք արդեն երկար ժամանակ է՝ չեն մասնակցում խմբակցության նիստերին, մարզային այցելություններին, չեն պատասխանում խմբակցության քարտուղարի զանգերին։ Նրանք, փաստորեն, տոտալ բոյկոտում են։ Մենք չէինք ուզում բարձրաձայնել այս մասին, սակայն եկավ մի սահման, երբ ջրբաժանը սկսեց ավելի պարզ երևալ»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով` որևէ կուսակցություն չի հանդուրժի, որ իր խմբակցությունը ներկայացնող հանձնաժողովի նախագահները հաշվի չնստեն խմբակցության և կուսակցության ղեկավար մարմինների հետ։
«Ինչ վերաբերում է Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հանձնաժողովների ղեկավարների պաշտոններից հեռացնելու հավանականությանը, ապա այս պահին նման քննարկումներ չկան, նման պատժամիջոցներ չեն կիրառվի։ Ես, իհարկե, չեմ ցանկանա կոնկրետացնել, սակայն կուսակցությունում նման առաջարկներ եղել են։ Այս պահին, կրկնում եմ, նման որոշում չկա, բայց ես ոչինչ չեմ ուզում բացառել»,- ընդգծեց ԲՀԿ-ականը:
Ըստ նրա` եթե տվյալ անձինք չեն ցանկանում աշխատել ԲՀԿ խմբակցության կազմում, ապա շատ ավելի բարոյական կլիներ նրանց ինքնակամ հեռանալը:
«Թող մարդիկ չմոռանան, որ եթե չլինեն կուսակցությունները, որևէ անհատ չի կարող հայտնվել ԱԺ այս կամ հանձնաժողովում։ Կուսակցությունը կամավորների միություն չէ, որ ով ինչ ուզի, անի։ Կուսակցությունն ունի կանոնադրություն, անդամներն ունեն իրավունքներ և պարտականություններ, սակայն կա նաև կուսակցության թիմ, և ոչ ոք չպետք է դեմ գնա թիմի որոշումներին։ Այս պահին խմբակցությունում որևէ փոփոխություն չկա։ Էլինար Վարդանյանն ընդամենը անձ է, ում լինել-չլինելով կուսակցությունը չի կարող պառակտվել»,- ընդգծեց Բաբայանը: