կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-07 16:35
Քաղաքական

Բամփվում են նրանք, ովքեր դրա կարիքն ունեն. Գալուստ Սահակյան

Բամփվում են նրանք, ովքեր դրա կարիքն ունեն. Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը, ըստ որի` նա կտրուկ դեմ է սահմանադրական փոփոխություններին:

«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահն է և պետք է իր տեսակետն ասեր: Ասել է»,- նշեց Գալուստ Սահակյանը:

Լրագրողների հարցին, թե իր համար ընդունելի՞ է Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը, պատասխանեց. «Դա հիմա քննարկելի չի, որովհետև այդ խնդրին ընդդիմադիրները անդրադարձել են, մեր գործիչներն էլ պատասխանել են: Վերջին հաշվով` Հանրապետականը սատարող ուժ է եղել Ռոբերտ Քոչարյանին: Կցանկանայի, որ ավելի բարձր արժևորումներով քաղաքական ճանապարհով գնային»:

Հարցին` տպավորություն չունի՞, որ Ռոբերտ Քոչարյանը դառնում է շարքային ընդդիմադիր, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ, նման տպավորություն չունեմ, որովհետև ընդդիմադիր դառնալու համար նախ պետք է հայտարարել: Քոչարյանը որևէ կուսակցության ներկայացուցիչ չէ, թիմ չունի, վաղ է խոսել հաջորդ նախագահի թեկնածության մասին»:

Իսկ, ԱԺ նախագահի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը արատավոր համակարգի հիմնադիրների՞ց է, ինչպես երեկ հայտարարել էր ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Այս հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նախ` Էդուարդ Շարմազանովը նման գնահատական չի տվել, դուք փոխում եք նրա ասածը: Իսկ եթե համակարգը արատավոր է, բոլորս մեր մեղքի բաժինն ունենք: Բայց ես չեմ կարծում, որ համակարգն այնքան լարված է, որ կարելի էր նման գնահատականներ տալ»:

ԱԺ նախագահը նշեց, որ Քոչարյանի հարցազրույցից չի ստացել տպավորություն, թե նա ցանկանում է մտնել քաղաքականության մեջ կամ առաջադրվել` որպես նախագահի թեկնածու: «Քոչարյանի հարցազրույցը շատ շտապողական էր, որն իր խորքերում լիարժեք քաղաքական կողմնորոշումներ ու դրվագներ չունի»,- ասաց նա:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին` ո՞վ է հաջորդ քաղաքական առաջնորդը, որի մասին ակնարկել էր Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես էլ կարող եմ ասել` իմ մտքում էլ կա այդ թեկնածուն, բայց եթե իմ մտքում է, իմ միտքը իմ սեփականությունն է»:

Նա չի կարծում, թե Քոչարյանի քննադատությունն այն «ծիրն է», որը կարող է ավելի ուժեղ լինել, քան «ոչ»-ի կողմնակիցների քննադատություններն են: Բացի այդ, Սահակյանի խոսքով, որքան քննադատությունները շատ լինեն, այնքան կուժեղանա Հանրապետականը:

«Բայց վտանգ տեսնո՞ւմ եք` դեմս Քոչարյանի» հարցին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հայը հայից վտանգ չի սպասում, Հանրապետականը որևէ քաղաքական ուժի հետ պատերազմելու որևէ նպատակ չունի»:

Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ «պատերազմեցին» Ծառուկյանի դեմ, պատասխանեց. «Չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանի հետ պատերազմ եղավ. ինչպիսի կեցվածք ուներ պետության ներսում, նույն ձևով էլ պահպանվել է»:

Հարցին` կարո՞ղ է մի օր էլ որոշեն Ռոբերտ Քոչարյանին «բամփել», Գ.Սահակյանը պատասխանեց. «Մենք երբևիցե նման բան չենք որոշում: Բամփվում են նրանք, ովքեր դրա կարիքն ունեն»:

Իսկ տեսնո՞ւմ է, արդյոք, Քոչարյանին «Ոչ»-ի ճակատում, արձագանքեց. «Ես չեմ էլ պատկերացնում` «Ոչ»-ի ճակատ ասածն ինչ է: Էդ ճակատը պիտի բնորոշվեր այն օրը, երբ քվեարկության էր դրվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Գոնե մի 50 մարդ հավաքվեր, որ ասեինք, որ դա «Ոչ»-ի ճակատ է»: 

Գալուստ Սահակյանը նաև հավելեց` եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ վերադառնալ քաղաքականություն, ապա ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չպետք է ցանկանա վերադառնալ: