կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-04 10:57
Հասարակություն

Ստացիոնար բուժում պետք է ստանան դրա կարիքն իսկապես ունեցող ազատազրկված անձինք. քրեակատարողական ծառայության պետ

Ստացիոնար բուժում պետք է ստանան դրա կարիքն իսկապես ունեցող ազատազրկված անձինք. քրեակատարողական ծառայության պետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են  ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, ծառայության  կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ու բժշկական սպասարկման բաժինների պետերը, ինչպես նաև քրեակատարողական  հիմնարկների պետերի վերոնշյալ աշխատանքները համակարգող տեղակալներն ու բաժնի պետերը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ սկսելով խորհրդակցությունը՝ Արտյոմ Մխոյանն առաջարկել է ներկայացնել նշված ոլորտներում առկա խնդիրներն ու առաջարկությունները՝ ըստ հիմնարկների:  Բժշկական սպասարկման ոլորտում հիմնական խնդիրը թափուր հաստիքային միավորների առկայությունն էր, ինչը էապես դժվարացնում է հիմնարկների բուժանձնակազմի կողմից շուրջօրյա հերթապահության իրականացումը:

Արտյոմ Մխոյանը, անդրադառնալով այս հարցին, նշել է, որ կիրականացվեն համապատասխան փոփոխություններ հաստիքացուցակում, ինչպես նաև կկատարվի հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում հնարավոր կլինի քրեակատարողական բոլոր հիմնարկներում ապահովել շուրջօրյա բժշկական հերթապահություն:

Քննարկվել են նաև բժշկական սարքավորումների անսարքությանը և տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր:

Ծառայության պետը հանձնարարել է խստորեն պահպանել Կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման բոլոր պահանջները, պատշաճ կատարել բժշկական փաստաթղթավորումը: Ներկաների ուշադրությունն առանձնապես հրավիրել է քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժման հարցին՝ շեշտելով, որ ստացիոնար բուժում պետք է ստանան դրա կարիքն իսկապես ունեցող ազատազրկված անձինք:

Անդրադառնալով սոցիալ-հոգեբանական աշխատանքներին՝ ծառայության պետը հատկապես կարևորել է հոգեբանի աշխատանքը՝ նշելով, որ հիմնարկի հոգեբանի առաջնահերթ խնդիրն է հասկանալ անձի՝ քրեակատարողական հիմնարկում հայտնվելու պատճառները, առանձնահատուկ շեշտեց հոգեբանի աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Հանձնարարել է պահպանել ՀՀ արդարադատության նախարարի՝ 13.07.2016թ. թիվ 279-Ն հրամանի պահանջները՝ բացառելով կամայական  գործողությունները:

Խորհրդակցության ավարտին Արտյոմ Մխոյանը մեկ անգամ ևս կոչ է արել տեղում ամենօրյա աշխատանքներ իրականացնել ենթակաների հետ ոլորտին վերաբերող իրավական ակտերի առավել հստակ իմացության և ճշգրիտ փաստաթղթավորման ուղղությամբ՝ նշելով, որ հետևողական է լինելու տրված բոլոր հանձնարարականների պատշաճ կատարման հարցերում: