կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 13:55
Մշակույթ

Մեկնարկեց Երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը

Մեկնարկեց Երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը

Հոկտեմբերի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2015-2016 համերգաշրջանի բացման համերգը (գործընկեր՝ «Յունիբանկ»)։ Նվագախմբի կատարմամբ հնչեցին Պյոտր Չայկովսկու «Դաշնամուրի կոնցերտ թիվ 1»-ը (մենակատար՝ Արմեն Բաբախանյան, դաշնամուր), հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից («Նախանվագ և պար», Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն, «Էգինայի վարիացիան և խրախճանք», «Տեսարան և կրոտալներով պար», «Հադեսի կույսերի պարը» և «Սպարտակի հաղթանակը»)։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ կարևոր օր է իր և նվագախմբի համար։ Արտիստի համար միշտ սպասված է նոր համերգաշրջանը։

Նա տեղեկացրեց, որ սպասվում է շատ ակտիվ համերգային գործունեություն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս. «Մենք շատ լավ գիտենք, որ հայաստանյան ունկնդիրը մեզ սպասում է, և ամեն ինչ անելու ենք` ավելի ու ավելի հետաքրքիր նախագծեր ներկայացնելու համար»:

Նոր համերգաշրջանում՝ հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը, Երիտասարդական նվագախումբը կներկայացնի Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որի շրջանակներում յուրաքանչյուր չորեքշաբթի կներկայացվեն կամերային, իսկ շաբաթ օրերին՝ սիմֆոնիկ համերգներ։

2015թ. դեկտեմբերին Երիտասարդական նվագախումբը կներկայացնի նաև Non Stop համերգային ծրագիրը։ Իսկ հունվարին կնշվի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-րդ ստեղծագործական հոբելյանական տարին։