Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) սեպտեմբերի 18-ին և 21-ին հանդես է եկել Ավստրիայի հեղինակավոր բեմերում։ Սեպտեմբերի 18-ի համերգը կայացել է Լինցում՝ «Բրուքներֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում։
Նշենք, որ ամեն տարի բարձրակարգ այս փառատոնը համախմբում է աշխարհի ամենահայտնի երաժիշտներին: Իսկ Լինց քաղաքը հայտնի է իր երաժշտական ավանդույթներով ու նրբաճաշակ հանդիսատեսով:
Սեպտեմբերի 21-ին Երիտասարդական նվագախումբը ելույթ է ունեցել աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում՝ Վիեննայի «Մյուզիքֆերեյն»-ում։ Երկու համերգներին էլ ներկայացվել է կոմպոզիտոր, երաժշտական տնօրեն Վիգ Զարթմանի «Վերածննդի արմատներ» նախագիծը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Վերածննդի արմատներ» նախագիծը ներկայացնում է հայկական հարուստ երաժշտական մշակույթը, որն արտացոլում է հայ ժողովրդի դարավոր պատմությունը՝ նրա ծնունդը, ողբերգությունն ու վերածնունդը։
Համերգային երեկոներին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ մասնակցել են նաև սոպրանո Լիանա Ալեքսանյանը, դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, Հայաստանի «Արտ վոկալ» անսամբլը։ Հանդիսատեսին ներկայացվել է հայկական ժողովրդական, հոգևոր, դասական երաժշտության հետաքրքիր համադրություն՝ ունկնդրին տանելով մշակութային ինքնատիպ մի ճանապարհորդության։