Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հայաստաում, որպեսզի դատարանը արդար վճիռ կայացնի, բավարար չէ դիմողի սկզբունքայնությունն ու համառ հետեւողականությունը, այստեղ նաեւ դատարանի կամք է պետք կամ քաղաքական հարմար իրադրություն, որոնք հաճախ փոխկապակցված են լինում:
Եվ ուրեմն` եթե Սդղի գյոլի գործով տուժած կողմը ցանկանում է կոնկրետ գործով արդարության հասնել, ապա պետք է նախեւառաջ դատարան դիմի, համառ հետեւողականությամբ պաշտպանի իր հայցը, ապա պետք է հարմար քաղաքական իրադրություն լինի, սրանից էլ ածանցյալ` պետք է լինի արդարություն հաստատելու` դատարանի կամքը:
Հայտնի է արդեն, որ գործով մեղադրյալ Տիգրան Սուրիկի Խաչատրյանը, ըստ քննչական մարմնի` դատախազությանն ուղղված միջնորդության, ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, քանի որ որոշում կա փոխել Տիգրանի խափանման միջոցը: Սա տեղի է ունեցել ոչ թե, որովհետեւ Տիգրանը մեկուսարանում դրսեւորել է օրինակելի վարք, ոչ թե, որովհետեւ նա ամբողջովին փոխհատուցել է տուժող կողմին, այլ որովհետեւ տուժող կողմը փոխել է նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքը, այլ կերպ ասած` առանձնապես մեղադրանք չունի` կոնկրետ Տիգրանին ուղղված:
Դե, քանի որ մեր երկրում անմեղները կամ զրպարտվածները երբեք մեկուսարաններում չեն հայտնվում, ուրեմն Տիգրան Խաչատրյանն անմիջապես դուրս է եկել մեկուսարանից եւ հիմա… Այս «հիմա»-ն հենց ամենաուշագրավն է: Բանն այն է, որ կա երկու տեսակի արդարություն կամ արդարադատություն: Մեկը` երբ դատարանն է որոշում-պարտադրում, մյուսը` երբ մենք ինքներս ենք արդարացիորեն պատժում մեզ զրպարտողներին: Իհարկե, կա արդարադատության նաեւ երրորդ տեսակը` Աստծու մասնակցությամբ, բայց այս հարցում դեռ պետք չէ խորանալ, քանի դրա ժամանակը չի եկել:
Հիմա` Տիգրան Խաչատրյանը, հայտնվելով ազատության մեջ, առնվազն մինչեւ Սդղի գյոլի գործով դատավարության ավարտը, բոլոր հնարավորությունները եւ անգամ իրավունքն ունի ի կատար ածելու արդարադատություն, այն է` պատժել իրեն զրպարտածներին: Այլ կերպ ասած` եթե Տիգրանը գործով տուժած կողմ հանդիսացող Հարություն Զաքարյանի հետ խիստ մոտիկից առանձնազրույց ունենա եւ, բացատրելով նրան, որ իրականում տուժող կողմը հենց ինքը` Տիգրանն է, քանի որ իրեն զրպարտել են, ապա` մի դաստիարակչական ապտակ հասցնի Հարություն Զաքարյանին, սխա՞լ կանի: Չէ՞ որ փաստացի ստացվում է, որ մարդուն, այսինքն` Տիգրանին, զրպարտել են, սուտ մեղադրել, իսկ Տիգրանն էլ, լինելով «ճշտի ազատամարտիկ» իր հարցերը լուծում է առանց դատարանի միջամտության:
Իրականում այս պատմության մեջ մի կարեւոր բան կա, եւ դա անգամ այն չէ, թե ինչ պետք է անի Տիգրանը: Կարեւորն այն է, որ մենք իրավունք չունենք արդարադատություն կամ, առհասարակ, արդարություն պահանջել ինչ-որ մեկից, երբ ինքներս դրան հասնելու հարցում համառ հետեւողական չենք: Վախենո՞ւմ ենք: Աայդ պարագայում եկեք` բոլորս սպասենք Աստծո դատաստանին: Բայց այնտեղ տուժող կողմ չկա, կան բացառապես մեղավորներ:
Հովիկ Աֆյան