կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 13:51
Տարածաշրջան

Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարարը հայկական պատմական շենքը հյուրանոցի վերածելու փորձ է արել

Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարարը հայկական պատմական շենքը հյուրանոցի վերածելու փորձ է արել

Թուրքիայում սկանդալային դեպք էր տեղի ունեցել, երբ Քեմալ Թայֆուն Նարգին անունով անձը Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արք.Աթեշյանից խարդախությամբ 6000 լիրա էր կորզել՝ պնդելով, որ իրեն ուղարկել են վարչապետի աշխատակազմից՝ հայկական «Սանասարյան պանդոկ» շինությունը պատրիարքարանին հետ վերադարձնելու հանձնարարությամբ:

Ըստ Demokrathaber-ի՝ այդ գործով դատական նիստի ժամանակ մեղադրյալ Նարգինը հայտնել է, թե ԵՄ հարցերով նախկին նախարար, հայտնի կաշառակեր Էգեմեն Բաղըշը (նախորդ տարվա «Մեծ կաշառք» գործողության գլխավոր հերոսներից) ցանկանում էր Հայոց պատրիարքարանին պատկանած Սանասարյան պանդոկը վերցնել և վերածել հյուրանոցի:

Մեղադրյալը դատական նիստի ընթացքում հերքել է փաստը, թե ինքը 6000 լիրա է կորզել արքեպիսկոպոս Աթեշյանից՝ հիշեցնելով 2012 թվականին տեղի ունեցած` Աթեշյան-Էրդողան (Էրդողանն այդ ժամանակ վարչապետ էր) հանդիպման մասին, որի ժամանակ Աթեշյանը վարչապետից խնդրել էր աջակցել նախկինում հայերին պատկանած Սանասարյան պանդոկը պատրիարքարանին վերադարձնելու հարցում և դրական պատասխան էր ստացել։

Նա պատմել է, որ այդ խոսակցությունից օրեր անց ինքը Աթեշյանին է այցելել Ազգային անվտանգության աշխատակիցների հետ և կողմերի համար ընդամենը հայերեն թարգմանել:

«Անվտանգության աշխատակիցները ցանկանում էին Սանասարյան պանդոկի վերադարձը: Այն վերադարձվելու դեպքում օգտագործվելու էր հայկական պատրարքարանի կողմից, հակառակ դեպքում` այն վարձելու էր Էգեմեն Բաղըշն ու վերածելու էր հյուրանոցի»,- ասել է մեղադրյալը:

Նրա խոսքով՝ հանդիպումը տեսագրվել է, սակայն Ազգային անվտանգության աշխատակիցներն այն ոչնչացրել են:

Նշենք, որ 1915 թվականին «Իթթիհաթ վե թերաաքի» կուսակցությունը Սանասարյան պանդոկը խլել է պատրիարքարանից, սակայն 1920 թվականին այն կրկին վերադարձվել էր հայկական կողմին: 1935-ին շինությունը վերջնականապես խլվել էր Հայոց պատրիարքարանի ձեռքից: Երկար տարիներ այդ շենքու, գործել է Թուրքիայի Անվտանգության վարչությունը, իսկ ռազմական հեղաշրջումների ժամանակ այն հայտնի էր որպես «տանջանքների վայր»: