կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 14:29
Իրավական

Թումանյան 25 բնակելի շենքը հյուրանոցի վերածելու հարցը տեղափոխվեց իրավական հարթակ

Թումանյան 25 բնակելի շենքը հյուրանոցի վերածելու հարցը տեղափոխվեց իրավական հարթակ

Ապրիլի 5-ին ՀՀ վարչական դատարանը քննության կառնի Երևան քաղաքի Թումանյան 25 բնակելի շենքի բնակիչների և նկուղային հարկի սեփականատերերի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և «Ռենշին» ՍՊԸ-ի: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Թումանյան 25 հասցեի սեփականատերերի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը: «Ռենշին» ՍՊԸ-ն, որն, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է կանադահայ մի գործարարի, մտադիր է հիշյալ տարածքում հյուրանոց կառուցել:

Նշենք, որ կառավարության 2015-ի փետրվարի 19-ի որոշմամբ՝  Երևանի քաղաքապետին լիազորվել էր ՀՀ-ի անունից «Ռենշին» ՍՊԸ-ի հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան 25 հասցեում և դրան հարակից տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր: Այժմ հայցվոր կողմը պահանջում է առոչինչ ճանաչել կառավարության հիշյալ որոշումը և Երևանի քաղաքապետրանի ու «Ռենշին» ՍՊԸ-ի միջև ապրիլի 19-ի կնքված պայմանագիրը:

Թումանյան 25 հասցեում գտնվող շենքի բնակիչներից Դավիթ Եղիազարյանը yerkir.am-ին հայտնեց, որ այդ տարածքում 7 բնակարան կա, իսկ նկուղային հարկում 4 տարբեր հաստատություններ, և բոլորն էլ չեն պատրաստվում լքել իրենց բնակարաններն ու տարածքները: Հաշվի առնելով գերակա հանրային շահ ճանաչված` Երևանի մյուս տարածքների բնակիչների փորձը, Թումանյան 25-ի բնակիչները վստահ են, որ իրենք նույնպես արժանանալու են մյուսների բախտին, մանավանդ, որ մինչ այժմ որևէ խոսակցություն չի եղել փոխհատուցման և առաջարկվող պայմանների մասին:

«Ասում են, թե իբր մեր շենքն անմխիթար վիճակում է, չի տեղավորվում ինչ-որ քաղաքաշինական նորմերի շրջանակներում և չի մերվում շրջակա շենքերի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Եղիազարյանը՝ նշելով, որ իրենց շենքը 1936-ի կառույց է և բավականին լավ վիճակում:

Մեզ հետ զրույցում փաստաբան Արթուր Գրիգորյանը նշեց, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասն իրավունք է վերապահում սեփականատեր չհանդիսացող անձին վարչական ակտ ընդունելու և պայմանագիր կնքելու՝ սեփականատիրոջ կամքից անկախ: Փաստաբանի խոսքով ՝ հիշյալ դրույթը հակասում է Սահմանադրությանը, և հնարավոր է, որ այդ դրույթն իրենք վիճարկեն ՀՀ Սահմանադրական դատարանում: