կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-25 20:13
Հասարակություն

Ի՞նչ է նշանակում կազինո` Ցեղասպանության թանգարանի կողքին. Հայկ Դեմոյան

Ի՞նչ է նշանակում կազինո` Ցեղասպանության թանգարանի կողքին. Հայկ Դեմոյան

Մարզահամերգային համալիրի վաճառքի, հաստատության տեղում ժամանցի վայր, այդ թվում`խաղատուն կառուցելու և մի շարք այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ, ով դատապարտելի համարեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողքին նման հաստատության կառուցումը, սակայն նշեց նաև, որ արձագանքելու համար դեռ վաղ է, քանի որ ժամանցի վայր կառուցելու վերաբերյալ ծրագրերը, գծագիրը թղթին հանձնված կամ սլայդով ներկայացված չեն, և հայտնի չէ, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է:

«Իհարկե, շատ վատ է, ի՞նչ է նշանակում կազինո` Ցեղասպանության թանգարանի կողքին: Այս պահին սխալ կլիներ իմ կողմից որևէ մեկնաբանություն անելը, որովհետև ես անձամբ ծանոթ չեմ, թե ինչ  ձևաչափով է դա կառուցվում: Ես չգիտեմ` հյուրանոց է կառուցվում, ինչ է լինում... Անշուշտ,  ես ունեմ իմ կարծիքը, այն խիստ բացասական է, բայց ես այն կհնչեցնեմ այն ժամանակ, երբ դա կտեսնեմ թղթի  վրա, որ հասկանամ` իսկապես ինչ է կատարվում: Մենք հիմա խոսում ենք մի բանի մասին, որը չենք տեսել: Հետևաբար, ցանկացած մեկնաբանություն ես ճիշտ չեմ համարում»,- ասաց Դեմոյանը:

Ըստ նրա` գուցե այդ ծրագիրը կնպաստի ամբողջ Ծիծեռնակաբերդի անտառազանգվածի թարմացմանը և առողջացմանը: «Պետք է նկատի ունենանք նաև այն, թե այդպիսի հյուրանոցային համալիր կամ ժամանցի վայր կոնկրետ որտե՞ղ է կառուցվելու:  Պետք է հասկանանք` իսկապես հարակից հատվա՞ծ է, որը պատկանում է Մարզահամերգային համալիրին: Բանն այն է, որ տարածքի մեծ մասը` 98 հեկտարը, պատկանում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Այսօր նաև սահմանների հարցն է»,- նշեց Դեմոյանը:

Նրա կարծիքով` եթե մի  կողմ դնենք թանգարանի հարցը, անհարիր է նաև ժամանց և մարդկանց կուտակում մի վայրում, որտեղ ռազմավարական օբյեկտ կա: «Ջրի մաքրման օբյեկտի մասին է խոսքը: Երևանին մատակարարվող ամբողջ ջուրն այդտեղ է լինում: Ես չեմ պատկերացնում` ինչպե՞ս կարող է այդտեղ մեքենաների կայանատեղի լինել, որտեղ ջուրն է թորվում և մատակարարվում քաղաքացիներին»,- ասաց Դեմոյանը:

Նա նշեց նաև, որ ինքն անձամբ պատրաստ է արձագանքել այս ամենին, սակայն միայն այն դեպքում, երբ թղթի վրա տեսնի` խոսքն ինչի մասին է: «Երբ դա իսկապես լինի, անպայման և խիստ ձևով կարձագանքենք»,- եզրափակեց Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրենը: