կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-08 13:44
Քաղաքական

Ինչ նախապայմաններ կարող է ձևակերպել հայկական կողմը հետագա բանակցությունների և երկկողմ ու բազմակողմ փաստաթղթեր ստորագրելուց առաջ. Հայկ Դեմոյան

Ինչ նախապայմաններ կարող է ձևակերպել հայկական կողմը հետագա բանակցությունների և երկկողմ ու բազմակողմ փաստաթղթեր ստորագրելուց առաջ. Հայկ Դեմոյան

Արհեստական ճանապարհով հաղթանակով բեղմնավորված Ադրբեջանը չի կարող թելադրող կողմ հանդիսանալ ո´չ Երևանի, ո´չ էլ Ստեփանակերտի համար։ Ակնհայտ է, որ այդ հաղթանակն Իլհամ Ալիևն ապահովեց միմիայն իր համար՝ խոշոր հաշվով պարտության մատնելով ադրբեջանական պետականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

«Հետևաբար որևէ նոր փաստաթուղթ ստորագրելիս, լինի դա զինադադար, թե հաշտության ու խաղաղության պայմանագիր, հայկական կողմը լիարժեք կերպով կարող է իր նախապայմանները ձևակերպել գլխավոր արբիտրի՝ տվյալ դեպքում հակամարտության կարգավորման արագացված գործընթացը վերահսկող ռուսական կողմի հետ բանակցելիս։ Ստացվում է մոտավորապես այսպիսի բանաձև․ մեր նախապայմանները Ադրբեջանին, դրանց դիտարկումն ու անցկացումը ռուսական կողմին։

Ի՞նչ նախապայմաններ կարող է ձևակերպել հայկական կողմը հետագա բանակցությունների ու երկկողմ ու բազմակողմ փաստաթղթեր ստորագրելուց առաջ․

1. Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ձեռնպահ մնա այլատյաց, հայատյաց ու ռազմամոլ հռետորաբանությունից և հաշվետու աշխատանքներ սկսի դպրոցական դասագրքերում, մամուլում և հասարակական կյանքում հայերի դեմ տարվող ատելության քարոզչության պետական քաղաքականության իսպառ վերացման ուղղությամբ

2. Փետրվարի 1-ի դրությամբ ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնում բոլոր ռազմագերիներին ու պատանդներին՝ համաձայն նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրի համապատասխան կետի

3. Ադրբեջանական զինուժը հստակ ժամանակացույցով նախկին ԼՂԻՄ վարչական սահմանի տարածքից դուրս է բերում իր ստորաբաժանումները՝ հայկական կողմին տեղեկացնելով ականապատված տարածքների մասին

4. Ադրբեջանական բանակը ԼՂԻՄ վարչական սահմաններից 10 կմ խորությամբ դեպի ադրբեջանական տարածք չի տեղաբաշխում որևէ հարձակողական ներուժ ունեցող ռազմական հենակայաններ ու բազաներ։

5. 2021 թ․ մարտի 1-ի դրությամբ ադրբեջանական ու հայկական կողմերը բանակցություններ են սկսում փախստականների վերադարձի ու նրանց անվտանգության ապահովման հարցերի շուրջ

6. Ադրբեջանցի փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը քննարկելիս, բանակցությունների առարկա պետք է դառնա Նախիջևանի ինքնավար հանրապետություն հայ բնակչության վերադարձի հարցը։ Հատկանշական է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետության կարգավիճակը սահմանված է նաև հայկական կողմի ստորագրությամբ և ապագայում այն կարող է վերահաստատվել կամ հետ կանչվել։

7. Լաչինի միջանցքի լայնությունը, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ հաստատված 5 կմ լայնության փոխարեն, դառնում է 15 կմ խորությամբ շփման գիծ

8. Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկաթուղային ու ճանապարհային անվտանգ հաղորդակցությունը հայկական կողմն ապահովում է հետևյալ պայմանների դիմաց․

ա․ երկաթուղու անվտանգ գործարկման երաշխավորը հանդիսանալու են ռուս խաղաղապահ ուժերը․ սահմանվում է հինգ տարվա պայմանաժամկետ

բ․ երկաթուղին գործելու է թե´ մարդատար, թե´ բեռնատար բեռնափոխադրումների համար,

գ․ երկաթուղու միջոցով կապ է հաստատվելու Մեղրի քաղաքի և Երևանի միջև, ապահովվում է նաև բեռնատար և մարդատար մեքենաների անվտանգ տեղաշարժը Նախիջևանի տարածքով՝ Սյունիքից Երևան և հակառակ ուղղություններով։

դ․ երկաթուղին գործելու է նաև Իրանից և Պարսից ծոցից դեպի Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների համար․

ե․ Նախիջևանից դեպի Հայաստան երկաթուղու միջոցով բեռնափոխադրումներ են իրականացվում նաև Թուրքիայի տարածքից։ Թուրքիայից ՀՀ տարածքով բեռնափոխադրումներ են իրականացվում դեպի Ադրբեջան և Ռուսաստան

9. Հատուկ կետով հստակեցվում է Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի կամ երկրների խորհրդանշանների օգտագործման սկզբունքները, տեղանունների երկլեզու կամ եռալեզու անունների շրջանառությունը։

10. Արցախի Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիները իրավունք են ստանում երկքաղաքացիության սկզբունքով հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»,- գրել է Դեմոյանը։