կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-24 17:44
Առանց Կատեգորիա

Մենք տխուր երկիր ենք դարձել

Մենք տխուր երկիր ենք դարձել

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի մարտական ընկերներից մեկն այսօր հայտարարել է, թե շատ հնարավոր է, որ նրա` իրեն ծեծի ենթարկելու վարկածը` թե ծեծել են քաղաքական նկատառումներով, չի համապատասխանում իրականությանը: «Շատ հնարավոր է, որ պարտք-պահանջի հարց է եղել», - ասել է Հակոբյանի մարտական ընկերը եւ հավելել, որ եթե պարզվի, որ նա խաբել է իրենց, ապա դժվար է ասել, թե ինչպե՞ս պետք է նայի մարտական ընկերների աչքերին:

Եթե Սմբատ Հակոբյանն, իրոք, խաբում է, որ իրեն ծեծել են քաղաքական նկատառումներով, նշանակում է՝ ցանկանում է զրպարտել որեւէ մեկին կամ գործ սարքել ինչ-որ մեկի վրա: Ազատամարտիկը, այն կերպարը, որից մենք, հերոսությունից բացի, այլ բան չենք տեսել եւ չենք պատկերացնում: Իսկ եթե Սմբատ Հակոբյանը ճիշտ է ասում, կնշանակի նրա մարտական ընկերներն այլեւս կասկածի տակ են դնում նրա խոսքերը, էլ չեն վստահում:

Սա պակաս սարսափելի չէ, քանի որ նշանակում է, որ միմյանց հետ մարտական ուղի անցած տղերքն այլևս միմյանց չեն վստահում, չեն հավատում, ինչը մեծ հարցականի տակ է դնում մեր գալիք հաղթանակները եւ արժեզրկում կայացած հաղթանակը: Ամեն դեպքում` ազատամարտիկ կոչման հետ տեղի է ունենում մի զարհուրելի բան` արժեզրկում:

Գուցե սա այն պատճառով է տեղի ունենում, որ մենք Շուշիի ազատագրման համար պարգեւատրված ավելի շատ ազատամարտիկ ունենք, քան Շուշիի ազատագրման մասնակիցներն են եղել, գուցե այն պատճառով, որ բազմաթիվ ազատամարտիկների թվում է, որ բոլորը պարտական ենք նրանց, ինչ էլ նրանք ուզեն: Գուցե սա տեղի է ունենում այն պատճառով, որ շատ ազատամարտիկներ այսօր տեսնում են իրենց երբեմնի մարտական ընկեների փառքն ու շշնջում. «Բա ե՞ս ինչով եմ պակաս»: Կամ` որովհետև այսօր փառքի հասածներն անգամ անուններով չեն հիշում իրենց երբեմնի մարտական ընկերներին: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ է ազատամարտիկ կոչումն արժեզրկվել, բայց ես գիտեմ, որ նրանք այսօր ավելի շատ են, քան պատերազմի մասնակիցներն էին:

Բայց խնդիրն այսքանով չի ավարտվում. արժեզրկումն ամենուր է: Օրինակ` ինչո՞ւ է արժեզրկված մեր ընդդիմությունը, ո՞ր մեղքի համար: Ո՞վ է ասել, որ ընդդիմությունը պետք է առաջնորդի ժողովրդին իշխանությունների դեմ արյունարբու ճակատամարտում, ո՞վ է ասել, որ նման ճակատամարտ պետք է տեղի ունենա, ուրեմն ինչո՞ւ են մեզանից շատերն ակնկալում մեր ընդդիմությունից հենց նման քայլեր: Բայց, մյուս կողմից, մի՞թե ընդդիմության արժեզրկումը հենց ընդդիմության մեղքով չէ, քանի՞ անգամ են ընդդիմադիր գործիչները լեփ-լեցուն հրապարակներին խոստացել, որ հաջորդ հանրահավաքին իրենք ասելու են իրենց ասելիքը եւ քանի՞ անգամ չեն ասել, ոչինչ չեն ասել, եւ որն ավելի սարսափելի է` ոչինչ չեն արել:

Բա ակտիվիստնե՞րը, մի արժեզրկված կոչում էլ սա է` ակտիվիստ: Ի՞նչ շարժառիթներով է գործում ակտիվիստը: Միայն չասեք` բացառապես հայրենասիրական, գոնե ԱՄՆ դեսպանատնից կլսեն` կծիծաղեն: Մեր երկրում ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ցանկացած տիպի, ուզածդ ոլորտում ակտիվանալու համար փող է պետք, շատ փող: Հիմա` որտեղի՞ց ակտիվիստներին այդ շատ փողը, ո՞վ է տալիս, ինչո՞ւ է տալիս, ի՞նչ է ուզում, նույն բա՞նն է, արդյոք, ուզում, ինչն ուզում է միամիտ ակտիվիստը, որոնցից շատերը չգիտեն էլ, որ իրենք փող ունեն եւ հենց փողի բացակայության պատճառով էլ ակտիվիստ են դարձել: Էլ չխոսենք ակտիվիստներին «խիստ սիրող» ոստիկանության մասին, չխոսենք, որովհետեւ գեղեցիկ չէ սեփական ոստիկանությանն անվանել արժեզրկված:

Բա իշխանությունը... Չէ սա միակ ինստիտուտն է մեզանում, որն «արժեզրկված չէ», քանի որ բոլորն այսօր հենց այդ արժեքին հասնել են ուզում` ե\'ւ ընդդիմությունը, ե\'ւ ազատամարտիկների այն մասը, որը իշխանություն չէ, ե\'ւ ակտիվիստները, ե\'ւ, հատկապես, նրանց ուղղորդողները, եւ հենց այստեղ է այս մեծ խնդրի լուծման բանալին: Համատարած արժեզրկմանը վերջ տալու եւ երեւույթներն ու կոչումները նորովի արժեւորելու համար պետք է մեկ բան, չէ` երկու բան` դա անելու կամք եւ իշխանություն դառնալու ազգովի ձգտման բացառում: Քանի որ, երբ բոլորս ցանկանում ենք իշխանություն դառնալ, սկսում ենք սեւացնել իրար, ոչնչացնել իրար, չհիշել իրար, անտեսել, որ սա երկիր է, որը չափազանց տխուր է դարձել:

Հովիկ Աֆյան