կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-24 09:21
Հասարակություն

Շատերը մոռացել են իմ վաստակը հայրենի թատերարվեստի զարգացման գործում. էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը խոսել է. «Հրապարակ»

Շատերը մոռացել են իմ վաստակը հայրենի թատերարվեստի զարգացման գործում. էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը խոսել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը երեկ զանգահարել էր «Հրապարակի» խմբագրություն եւ մի շարք բացահայտումներ արել: Նա արձագանքել է սպանության գործով միակ վկա, «Յանուս» թատրոնի դերասաններից Աննա Միսակյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցին: Մխիթար Մոս-Մուշեղյանը շեշտել է, որ ինքը մարդասպան չէ, այժմ կալանքի տակ է քննությանը չխոչընդոտելու համար:

Ինչո՞ւ էին դեպքի օրը Մխիթարը ու Աննան այցելել էքստրասենսին, ի՞նչ հարաբերություններ է ունեցել ինքն Անի Մաջնունյանի հետ եւ ումի՞ց է իմացել սպանության մասին լուրը. այս եւ այլ հարցերի վերաբերյալ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

Դեպքի օրն ինչպե՞ս եւ ինչո՞ւ այցելեցիք Անի Մաջնունյանի տուն:

Ես Անի Մաջնունյան չեմ ճանաչում, ես ճանաչում եմ Անի Կոստան, նա երգչուհի է, իմ մտերիմ ընկերուհիներից մեկը, որի տուն ես շատ հաճախ հյուր եմ գնացել, այնպես չէ, որ ամիսը մեկ եմ հյուր գնացել, գրեթե ամեն օր էի գնում, մեր ընկերական հարաբերություններն այդպիսին էին: Այդ օրը բացառություն չէր, Աննան խնդրեց, որ ինքն էլ գա, ես, իհարկե, հարցրի, թե ինչն է պատճառը, որովհետեւ եթե հյուր եմ գնում, հետս էլ մարդ եմ տանում, պիտի դրա բացատրությունն էլ տամ տանտիրոջը։ Նա էլ ասաց, որ որպես բախտագուշակ, էքստրասենս՝ նայի իր ճակատագիրը։ Ասացի՝ համարը տամ, գնա, թող նայի, ասաց՝ ի վիճակի չեմ վճարելու այդ գումարները, մի խոսքով՝ համոզեց ինձ:

Իսկ ի՞նչ եղավ այնտեղ:

Մի քանի ժամ նստել ենք, զրուցել ենք, սրճել ենք, հաստատ 12-ը, 1-ն անց էր, երկար ենք նստել, որովհետեւ Անիին մեկ շաբաթ-10 օր չէի տեսել, առիթ եղավ, որ Աննային Նարեկ կարդաց, ձեռքը նայեց: Դուրս եկանք, ամեն ինչ նորմալ էր: Առավոտյան Անին պետք է զանգեր ինձ, կարեւոր հարց ունեինք քննարկելու, նա մեր ներկայացման համար երաժշտություն է գրում:

Իսկ հետո ինչպե՞ս իմացաք Անի Մաջնունյանի սպանության մասին:

Առավոտյան ինձ զանգեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ասաց՝ իմացա՞ր Անիի հետ կապված նորությունը, ծիծաղս եկավ, որովհետեւ դրանից մի ամիս առաջ էլ գրել էին, թե ես եմ մահացել, ասացի՝ հերթը հասավ Անիին: Աչքս ընկավ «Ֆեյսբուքին», Անին կայքում չէր, բայց նա ամեն առավոտ մտնում էր սոցցանցեր, մեկ էլ տեսա ինտերնետի նյութերը, լուսանկարները:

Իսկ Դուք Անիին պարտքե՞ր ունեիք:

Ես Անիին պարտք չէի, մեր ընկերական հարաբերությունները պարտքի շրջանակներից դուրս էին: Ես մեծ աշխատավարձ էի ստանում, գումարային խնդիրներ չունեի, հնարավոր է, պրոյեկտի հետ կապված, 200, 300 հազար դրամ պակասում էր, Անին տար, ես էլ վերադարձնեի, նույնը նաեւ Անիի դեպքում:

Իսկ մտերմիկ կապ եղե՞լ է ձեր մեջ:

Կատեգորիկ հրաժարվում եմ այդ հարցին պատասխան տալուց, որովհետեւ Անին մահացած է, ես իրավունք չունեմ մեր երկուսի փոխարեն պատասխան տալ:

Դուք կտրականապես հերքում եք Ձեր մասնակցությունը սպանությանը, բայց նախաքննական մարմինն ինչ-որ իրեր, ապացույցներ է, չէ՞, գտել, որ դրել է Ձեր մեղադրանքի հիմքում:

Ես չգիտեմ ինչ իրեր են, Աննայի ցուցմունքն է միայն, ես այստեղ եմ քննությանը չխոչընդոտելու համար, ոչ թե որպես մարդասպան: Ես երբեք չեմ ընդունել իմ մեղքը, երբ ավարտվի այս ամենը, ինձ ազատ կարձակեն, որովհետեւ ես դեռ մի քանի տոկոս հավատում եմ այս երկրի արդարադատությանը, չնայած այդ տոկոսը քիչ է, որովհետեւ ինքս միշտ ակցիաների եմ մասնակցել, ժողովրդի կողքին եմ եղել: Պարզապես, երբ նման բաներ են գրում, շատերը մոռացել են իմ վաստակը հայրենի թատերարվեստի զարգացման գործում»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում