կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-17 21:11
Հասարակություն

Խորհրդակցություն կառավարությունում` մարզերում իրականացվող հրատապ կապիտալ ծրագրերի շուրջ

Խորհրդակցություն կառավարությունում` մարզերում իրականացվող հրատապ կապիտալ ծրագրերի շուրջ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և պաշտոնատար այլ անձինք:

Տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:  

Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել մարզերում իրականացվող հրատապ կապիտալ ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ նախատեսված բոլոր ենթակառուցվածքային 159 ծրագրերն իրականացվում են հաջողությամբ՝ առանց որևէ խնդրի: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ծրագրերի որակով և սահմանված ժամանակահատվածում իրականացումը:

Այնուհետև քննարկվել են խաղողի մթերման գործընթացին առնչվող հարցեր: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ այս տարի հանրապետությունում ստացվել է խաղողի բարձր բերք, որի մթերման ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: Տեղեկացվել է, որ 50 մթերող կազմակերպություններից 17-ն արդեն իսկ սկսել է մթերումը, իսկ մնացածն աշխատանքները կսկսեն մեկ շաբաթից: Սերգո Կարապետյանի խոսքով՝ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ աճեցված ողջ բերքը մթերելու համար:

Անդրադառնալով աշնանացանի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նախարարը զեկուցել է, որ կառավարությունը բավարարել է մարզպետարանների կողմից ներկայացված ազոտական պարարտանյութի, դիզելային վառելիքի և հացահատիկային մշակաբույսերի սերմացուի ողջ պահանջարկը: Մարզպետները զեկուցել են, որ ցանքսը ժամանակին կիրականացվի, քանի որ բարենպաստ են նաև կլիմայական պայմանները:

Խորհրդակցության ընթացքում մարզպետների հետ քննարկվել է նաև ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որի շուրջ մարզպետները ներկայացրել են տարբեր առաջարկություններ: