Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական ուժերն ու անհատները, որոնք նախագահ Սերժ Սարգսյանի ձեռնարկած սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը որակում են «կեղծ օրակարգ», իրականում պետք է շնորհակալ լինեն նրան: Առանց այդ նախաձեռնության` նրանց ճնշող մեծամասնությունը շարունակելու էր մնալ քարուքանդ եղած քաղաքական դաշտի փլատակների տակ` չունենալով վերակենդանացման որևէ հնարավորություն:
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե շրջանառության մեջ դրված և գործադրվող օրակարգը կեղծ ես համարում, ապա այդ հնարավոր մանիպուլյացիայի թակարդում չհայտնվելու միակ տարբերակը դրան իրական օրակարգ հակադրելն է և այն իշխանություններին պարտադրելը: Այս տարվա փետրվարին քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանի մեկուսացումից և ԲՀԿ-ի փլուզումից հետո, ընդդիմադիր ուժերը նման որևէ նախաձեռնությամբ հանդես չեն եկել: Պատճառը ոչ թե ցանկության բացակայությունն էր կամ իրական օրակարգի ձևավորման «արտոնությունը» քաղաքացիական շրջանակներին ժամանակավորապես հանձնելը (ինչի տպավորությունը ստեղծեց անցած ամռանը «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հենքի վրա ծավալված ինքնաբուխ հանրային շարժումը), այլ փաստացի որևէ օրակարգ ստեղծելու և դրա շուրջ պրոցես սանձազերծելու ունակ քաղաքական ուժի բացակայությունը:
Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն, այսպիսով, այդ քաղաքական ուժերի համար դարձավ յուրօրինակ ռեինկարնացիայի շանս: Դրանից նրանք չէին կարող չօգտվել այն պարզ պատճառով, որ խորհրդարանական ընտրություններին մնացել է 2 տարուց էլ ավելի քիչ ժամանակ: Խնդիրն այն է, որ հանրաքվեով նոր Սահմանադրության հնարավոր ընդունումից հետո ապագա իշխանության ձևավորման գործընթացները ծավալվելու են համապետական ընդամենը մեկ ընտրության շրջանակներում: Հետևաբար, այս փուլում հապաղումը հավասարազոր է սեփական ձեռքերով սեփական գերեզմանը փորելուն:
Թերևս հենց սա է պատճառը, որ սահմանադրական փոփոխությունները մերժող ուժերի մի մասը, որը հայտարարել էր առաջարկվող փոփոխությունների բովանդակային քննարկումներին չմասնակցելու մասին, մեծ հաճույքով ընդունեցին նախագահ Սերժ Սարգսյանի` իր հետ հանդիպելու առաջարկը: Թվում է, թե, նախաձեռնելով այդ հանդիպումները և մտածված նպաստելով այդ ուժերի վերարթնացմանը, Սերժ Սարգսյանը նպաստում է քաղաքական դաշտում նոր բյուրեղացումներին և իշխանության ու սահմանադրական փոփոխությունների դեմ նոր քաղաքական բևեռի ձևավորմանը: Իրականությունը, սակայն, այլ է:
Այն, որ սահմանադրական փոփոխությունները պետք է դիմադրության արժանանային, ոչ միայն նորմալ է, այլև անհրաժեշտ` առաջին հերթին դրանց շուրջ հանրային բանավեճի հասունացման և դրանց շուրջ հասարակական-քաղաքական կոնսենսուսի ձևավորման իմաստով: Սակայն «Ոչ»-ի բևեռում տեղի ունեցող ներկայիս զարգացումները վկայում են երկու հիմնական տեսակետների միջև դեռևս խիստ նախնական բախումների մասին: Այս բևեռում գտնվող քաղաքական-հասարակական ուժերի մի մասը առհասարակ դեմ է Սահմանադրությունը փոխելուն` դրանում տեսնելով բացառապես իշխանության վերարտադրության հեռահար նպատակ: Մյուս մասը դեմ է ոչ թե փոփոխություններին, այլ բովանդակային որոշ կետերի: Այսինքն` եթե առաջինները մերժում են իշխանության հետ փոփոխությունների շուրջ որևէ բանակցություն, երկրորդները պատրաստ են դրան` մեծ մասամբ ոչ թե Սահմանադրության նախագիծը բարելավելու, այլ պարզապես բանակցությունների միջոցով ինքնադրսևորվելու և քաղաքական հետագա վերադասավորումների սխեմաներից դուրս չմնալու համար սեփական արժեքի բարձրացնելու նկատառումով:
Անկհայտ է, որ որքան մոտենա սահմանադրական հանրաքվեն, այնքան այս երկու ուղղությունների միջև հակասությունները խորանալու են` հայկական քաղաքական «մշակույթին» հատուկ դավադրութան տեսության կանոններին համահունչ: Ընդ որում` այս երկատումը տեղի է ունենում ոչ միայն քաղաքական ուժերի միջև, այլև դրանցից յուրաքանչյուրի ներսում` հանգեցնելով ներքին նոր փլուզումների, որոնք արդեն նկատելի են ՀԱԿ-ում, «Ժառանգություն»-ում, ՀՀՇ-ում և այլն:
Մյուս կողմից` «Ոչ»-ի բևեռում հանգրվանում են անհամատեղելի այնպիսի ուժեր, ինչպես, օրինակ, Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Րաֆֆի Հովհաննիսյան եռանկյունու շուրջ ստեղծված քաղաքական լանդշաֆտը: Նման համագործակցության հեռանկարն այդ ուժերից յուրաքանչյուրին և «Ոչ»-ի շարժումն ամբողջությամբ անլրջացնելու ամենակարճ ճանապարհն է:
Եթե այս միտումները խորանում են, ոչ միայն մակերեսայնացվում են սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները, այլև, 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, այս ամբողջ պրոցեսը դառնում է քաղաքական դաշտի` ընդհուպ մոլեկուլների մակարդակով հերթական պառակտումների պատճառ, դրանով իսկ` խորհրդանական ընտրություններին իշխանության հնարավոր վերարտադրությունը «ապահովագրելու» միջոց: Որևէ կասկած չկա, որ եթե դա տեղի ունենա, սահմանադրական փոփոխություններն այս կամ այն կերպ մերժող քաղաքական ուժերը խորհրդարանական մյուս ընտրություններին իրենց հնարավոր հերթական ձախողման մեղքը «գտնելու են» ոչ թե ներկայումս թույլ տրվող սխալների, այլ Սահմանադրության բովանդակության մեջ:
Գևորգ Դարբինյան