Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Ադրբեջանի գործողությունները միայն մեկ բան են փաստում` Ադրբեջանը կամաց-կամաց դառնում է ֆաշիստական պետություն: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա` Ադրբեջանն ակտիվացել է, քանի որ ներքաղաքական կյանքում փոփոխություններ են սպասվում` հոկտեմբերին Ադրբեջանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:
«Ադրբեջանի իշխանությունը պատրաստ չէ ռազմական լայնամասշտաբ որևէ գործողության, դրա համար էլ նրանք նման քաղաքականության են դիմել` ցանկանում են իրենց հասարակության ուշադրությունը շեղել մեր` «արտաքին թշնամու» իբր թե ակտիվացմամբ, ինչպես, հավանաբար, իրենք են հիմա ներկայացնում իրենց մոտ: Սակայն փաստը մնում է փաստ, որ նման քայլերով, անգամ ռազմական տեսանկյունից, որևէ առավելության չեն հասնում»,- ասաց Բաբայանը:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանն էլ նշեց, որ Ադրբեջանի նման քաղաքականությունը նորություն չէ, նորությունը կիրառած զինատեսակներն են` ականանետեր, նռնականետեր…
«Ադրբեջանը ոչ թե լայնածավալ գործողություն սկսելու ցանկություն ունի, այլ փորձում է ճնշում գործադրել թե՛ հայ հասարակության վրա, թե՛ միջազգային հանրության: Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կանգ է առնում, երբ իրավիճակն անվերահսկելի է դառնում: Ադրբեջանն ուղղակի փորձում է քայլ առ քայլ ճնշումն ավելացնել` մինչև ինչ-որ աստիճան, սակայն, նորից եմ ասում, նրանք պատրաստ չեն լայնածավալ գործողությունների»,- ասաց նա` հավելելով, որ Ադրբեջանի` նման քաղաքականության դեպքում հայկական կողմը` պետությունը, պետք է արագ արձագանքի , փորձի արագ լուսաբանել դեպքերի ընթացքը: «Այդպիսով` Ալիևի` ֆաշիստական ձևով ողջ լրահոսը փակելը կգործի իրենց դեմ»,- ասաց Վրթանեսյանը:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի կարծիքով` մենք պետք է աշխատենք բաց, հայկական ռազմական քաղաքականությունը պետք է լինի լրիվ բաց: «Հիմա այնքան էլ պարզ չէ պատկերը, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին, հասկանալի չէ, և դա վատ է»,- ասաց նա:
Ըստ Սարգսյանի` սահմանին իրավիճակը լարված պահելով` Ադրբեջանը փորձում է, Ղարաբաղյան հարցի հետ կապված, տարածաշրջանում վերաբերմունք փոխել: Մյուս կողմից էլ` ցանկանում է նոր որակի հարաբերություն ստեղծել Ռուսաստանի հետ և, հայկական կողմի հետ հակամարտությունը թեժացնելով, նաև Թուրքիայի հետ նոր քաղաքականության անցնել: