կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-05 10:28
Հասարակություն

Ադրբեջանը որևէ կարևոր նպատակի չի հասնում. Դավիթ Բաբայանը` հակառակորդի գործողությունների մասին

Ադրբեջանը որևէ կարևոր նպատակի չի հասնում. Դավիթ Բաբայանը` հակառակորդի գործողությունների մասին

Տեղեկացրել էինք, որ երեկ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Սա նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:

Թե ինչո՞վ է պայմանավորված հակառակորդի նման ագրեսիվությունը` Yerkir.am-ը զրուցել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Ըստ նրա` առողջ տրամաբանությամբ չի կարելի բացատրել Ադրբեջանի գործողությունները: Բաբայանի հավաստմամբ` հակառակորդի ագրեսիվությունը ոչնչով էլ պայմանավորված չէ:

«Բոլորն էլ գիտեն` Ադրբեջանն ահաբեկչական, հանցագործ պետություն է, և եթե հանցագործները, մոլագարներն ինչ-որ հանցանք են կատարում, դրա մեջ տրամաբանություն գտնել չենք կարող: Սակայն պետք է ասեմ, որ ադրբեջանական կողմի նման պահվածքը որևէ ձևով չի փոխում ռազմաքաղաքական իրավիճակը սահմանների երկայնքով, դրանով Ադրբեջանը որևէ կարևոր նպատակի չի հասնում: Ադրբեջանի քայլերում որևէ տրմաբանություն չկա»,- ասաց Բաբայանը:

Մեր դիտարկմանը, թե երեկ Արցախի ՊԲ-ն տեղեկացրեց, որ հակառակորդը կորուստներ ունի, սակայն ադրբեջանական կայքերը, կարծես, դեռ լռում են, Բաբայանը պատասխանեց, որ ինչպես միշտ, այս անգամ էլ քողարկելու են հասարակությունից ամեն ինչ: «Միայն մի քանի շաբաթ անց կսկսեն տարածել տվյալներ, թե զինվորներից մեկին կարիճն է խայթել, մյուսին` օձը, վթար է եղել, շոգից են մահացել… Հակառակորդը միշտ էլ այդպես է անում, թաքցնում է իր կորուստները»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ իրավիճակ է տիրել գիշերը սահմանին, և ի՞նչ իրավիճակ է այժմ, Բաբայանը պատասխանեց, որ իրավիճակը վերահսկելի է: .«Գիշերը նորմալ է անցել, այս պահին էլ որևէ արտառոց բան չկա»,- նշեց նա: