կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-04 09:31
Հասարակություն

Սահմանամերձ գյուղերը պետք է զգան Հայաստանի քաղաքական, բարոյական և նյութական աջակցությունը. «ՀԺ»

Սահմանամերձ գյուղերը պետք է զգան Հայաստանի քաղաքական, բարոյական և նյութական աջակցությունը. «ՀԺ»

«Հայկակակն ժամանակը» գրում է. «Այսուհանդերձ, հիմա հայ հանրությանն անհանգստացնող հիմնական հարցը հետևյալն է. ի՞նչ է լինելու հետո, և ինչպիսին է լինելու սահմանային իրավիճակի առաջիկա ամիսներին։ Մեծ է հավանականությունը, որ ընդհանուր առմամբ իրավիճակը կլինի այնպիսին, ինչպիսին եղել է վերջին մեկ տարվա ընթացքում։ Այսինքն սահմանային գնդակոծություններն ու հրետակոծությունները կշարունակվեն և չեն վերաճի մեծամասշտաբ ռազմական գործողությունների։ Այսինքն Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման չի անցնի։ Վերջին օրերի իրադարձությունները, սակայն, գալիս են վկայելու, որ իր հարձակողական մարտավարության մեջ Ադրբեջանը «քայլ առաջ» կանի և առաջիկա շրջանում կսկսի հարվածել ոչ միայն սահմանի պռնկին գտնվող գյուղերին, այլև կփորձի պատերազմի շունչը հասցնել ավելի խորքում գտնվող բնակավայրեր։

Այս գործողությունները մեկ հիմնական նպատակ ունեն. Հայաստանի սահմանամերձ գյուղերին հանգիստ կյանքի հնարավորություն չտալ, անընդհատ պահել ռազմական լարվածության մեջ, այդպիսով ռազմական լարվածության մեջ պահելով ողջ Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը։ Ի վերջո, սահմանամերձ գյուղերի գնդակոծումների, հրետակոծությունների մասին տեղեկատվությունը կայծակնային արագությամբ հասնում է Երևան և մեծ արձագանք գտնում հանրության շրջանում։

Առավելևս այս իրավիճակում հայաստանցիները պետք է ամուր պահեն իրենց նյարդերը և պատրաստ լինեն նրան, որ գնդակոծությունների և հրետակոծությունների մասին լուրեր են լսելու, և պատերազմական խրոնիկան ավելի հաճախ է հայտնվելու մեր լրահոսում։ Ի վերջո, ոչ մեկի համար նորություն չէ, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական վիճակում։

Բայց կա մի խնդիր, որի մասին պետք է առանձնահատուկ մտածել, դա սահմանամերձ գյուղերի բնակիչների կեցության և անվտանգության հարցն է։ Այս մարդկանց համար գնդակոծությանն ու հրետակոծությանը ոչ թե լրատվական իրադարձություններ են, այլ ֆիզիկական անվտանգության հարց, ու պետությանը պետք է մտածի ի՞նչ է ասում այդ մարդկանց։ Սահմանամերձ գյուղերին էլեկտրական էներգիայի, գազի սակագնի զեղչեր տալու՝ նախորդ տարվա օրենքը այն ժամանակ արդեն բավարար չէր, և զարգացող իրավիճակում առավել ևս բավարար չէ Սահմանամերձ գյուղերն այսօր ռազմաճակատային գիծ են փաստացի, և այստեղ թերևս շատ պատեհ է հնչում երկրորդ համաշխարհային պատերազմի հայտնի կարգախոսը. «Բոլորը ռազմաճակատի համար, ամեն ինչ ռազմաճակատի համար»։ Սահմանամերձ գյուղերը պետք է զգան Հայաստանի քաղաքական, բարոյական և նյութական աջակցությունը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։