Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հրավերով Արամ Մանուկյան կենտրոնում տեղի է ունեցել ընկերային հավաք, որին մասնակցել են կուսակցության տասնմեկ մարզային կոմիտեների անդամներ, հիսուն կոմիտեների ներկայացուցիչներ, նաև ՀՅԴ ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաեւ ուղեկից կառույցների անդամներ՝ շուրջ 200 մարդ։
Հավաքին ներկա էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ամբողջ կազմը, ՀՅԴ Բյուրոն ներկայացնող ընկերներ։ Բազմամարդ ընկերային հավաքի օրակարգում սահմանադրական բարեփոխումներն էին, ինչպես նաև գործընթացին ՀՅԴ մասնակցության ձևաչափը։ ՀՅԴ Գարագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հատկապես ընդգծել է հանգամանքը, որ հանրային քննարկման ներկայացված սահմանադրության նախագիծը կարելի է դիտել կարևոր ձեռքբերում կուսակցության համար, քանի որ այն ներառում է վերջին երկու տասնամյակում կուսակցության համար երեք սկզբունքային ու առանցքային համոզմունքներ՝ անցում կառավարման խորհրդարանական մոդելի, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ ընդդիմության դերի էական բարձրացում: Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝ նախագիծը պետության զարգացման՝ ՀՅԴ պատկերացումների արտացոլանքն է, ինչը թույլ է տալիս այն գնահատել որպես կուսակցության հաղթանակ։
Ներկայացնելով նախագծի բովանդակային փոփոխություններն ու դրանցով պայմանավորված լուծումները՝ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նախագիծը որակել է որպես երկրում համակարգային և որակական փոփոխությունների հանգուցային երաշխիք։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը դիտարկել է երկրում կայունության ապահովման, ազգային անվտանգության ու ինքնիշխանության երաշխիքների ապահովման տեսանկյունից։ Ներկաների բազմաթիվ հարցերին տրվել են պատասխաններ, պարզաբանվել են մի շարք մտահոգություններ, հնչել են առաջարկություններ քարոզարշավի կազմակերման ռազմավարական ու մարտավարական խնդիրների վերաբերյալ։
Առջևում մարզերում կազմակերպվելիք ընկերային հավաքներն են, որոնց ընթացքում սահմանադրության նախագծի շուրջ անցկացվելիք քննարկումներն ու քարոզչական հանդիպումները առավել մեծ լսարաններ կընդգրկեն՝ հանրության լայն շրջանակներին հանգամանալից ներկայացնելով բարեփոխման էությունն ու ակնկալված արդյունքը։