կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-28 13:40
Հասարակություն

Բաղրամյանում մեծ փորձ ենք ձեռք բերել. «Ոչ թալանին»-ը շարունակելու է պայքարը սեպտեմբերից

Բաղրամյանում մեծ փորձ ենք ձեռք բերել. «Ոչ թալանին»-ը շարունակելու է պայքարը սեպտեմբերից

«Ոչ թալանին»-ի անդամներ Արտուշ Չիբուխչյանը, Արթուր Քոչարյանը և Միհրան Ավագյանն այսօր լրագրողներին ներկայացրեցին իրենց հետագա անելիքները:

Արտուշ Չիբուխչյանը նշեց, որ իրենք ահազանգ են ստացել ՓՄՁ ներկայացուցիչներից այն մասին, որ իրենց սպառնում են, թե կզրկվեն հոսանքից այն դեպքում, եթե չստորագրեն ՀԷՑ-ի ներկայացրած այն փաստաթուղթը, որով նրանք համաձայնություն են տալիս վճարել էլեկտրաէներգիայի դիմաց արդեն իսկ բարձրացված սակագնով: Նա նշեց նաև` իրենց նախաձեռնությունն անհնազանդության նոր ալիք է սկսելու սեպտեմբերի 1-ից:

Ակտիվիստները հիշեցին Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, համաձայն որի` մինչև աուդիտի անցկացումը կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի թանկացման ողջ բեռը:

Հարցին, թե արդյոք այս անգա՞մ էլ ժողովուրդը պատրաստ է գնալ իրենց ետևից ու դուրս գալ փողոց, Արտուշ Չիբուխչյանը պատասխանեց, որ մարդիկ միշտ էլ դուրս են եկել փողոց` պայքարելու, գնացել են խնդրի հետևից, ոչ թե` իրենց:

Նախաձեռնության մեկ այլ անդամ` Արթուր Քոչարյանը, անդրադառնալով իրենց նկատմամբ հավատի ու վստահության պակասին, նշեց, որ հնարավոր է` սխալներ են արել պայքարի ընթացքում, քանի որ փորձի պակաս ունեին:

«Երկրորդ անգամ նույն սխալները չենք անի. Բաղրամյանում բավական մեծ փորձ ենք ձեռք բերել: Մենք դնելու ենք խնդիրը և փորձելու ենք մարդկանց կոնսոլիդացնել դրա շուրջ: Մեր ժողովուրդը այն ժողովուրդն է, որը, անկախ եղանակից, իր իրավունքները կպաշտպանի»,- ասաց նախաձեռնության անդամը:

Արտուշ Չիբուխչյանն անդրադարձավ նաև աուդիտի գործընթացին մասնակցելու առաջարկը մերժելուն: «Մեր մասնակցությունը ոչ մի արդյունքի չի հանգեցնի: Մինչև չճնշես նրանց, նրանք ոչ մի խնդիր չեն լուծի: Ժողովրդից էլ մոտենում էին մեզ ու խորհուրդ տալիս մասնակցել աուդիտին, բայց մենք խոսել ենք մասնագետների հետ և հստակ տեղեկացել, որ մեր մասնակցությունը ոչ մի բան չի փոխի, եթե աուդիտը լինի ֆինանսական»,- ասաց նա:

Նախաձեռնության անդամը նշեց նաև, որ իրենք պայքարում են ոչ թե 7 դրամ թանկացման դեմ, այլ սպասվող շղթայական թանկացման դեմ: «Երբ մենք դուրս ենք գալիս պայքարի, մենք չենք ձգտում բախումների: Մենք կասեցում չենք պահանջել, մենք աուդիտ չենք պահանջել, մենք պահանջել ենք չեղարկում»,- նշեց նա:

«Ոչ թալանին»-ը չբացառեց ուժերի միավորման հնարավորությունը: «Մենք պատրաստ ենք բանակցել ու միավորվել բոլոր այն ուժերի հետ, որոնք պայքարում են կոնկրետ որևէ հարցի համար»,- հայտարարեցին նախաձեռնության անդամները:

Իսկ կրկին փողոց փակելու վերաբերյալ հարցին նրանք պատասխանեցին, թե որևէ բան չի բացառվում: