կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-25 18:24
Իրավական

Մանկահասակ երեխաների մահվան պատճառ դարձած վրաերթի գործով նախաքննությունն ավարտվել է

Մանկահասակ երեխաների մահվան պատճառ դարձած վրաերթի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է  2 մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած երթեւեկության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղաքացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով դեպի Հերացու փողոց՝ շուրջ 40կմ/ժ արագությամբ։ Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի մոտակայքին` թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, ՃԵԿ-ի 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերի  պահանջներին հակասող գործողություններ, վրաերթի է ենթարկել իր ընթացագոտում, աջ մայթից շուրջ 20սմ հեռավորությամբ դեպի իր ուղղությամբ քայլող հետիոտն Անահիտ Կարապետյանին։ Այնուհետեւ՝ բարձրանալով մայթին` վրաերթի է ենթարկել Աննա Հարությունյանին և մանկասայլակի մեջ գտնվող, վերջինիս մանկահասակ 2 որդիներին, ապա ընդհարվել նույն հասցեի դիմաց գտնվող ցանկապատին։

 

Վրաերթի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից երկու երեխաները մահացել են, իսկ Աննա Հարությունյանին և Անահիտ Կարապետյանին պատճառվել կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռազմիկ Ավետիսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ քրեական գործն ուղարկվել դատարան։