կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-24 13:08
Հասարակություն

Հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կալանավորվեց

Հինգ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կալանավորվեց

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում շարունակվում է Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ից  հայտնում են, որ նախօրեին դատարանը բավարարել է «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հինգ մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել 2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ին:

Քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Արզնու խճուղու միջնամասում միմյանց էին բախվել հանդիպակաց երթևեկող «BMW X5» և «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել էր նաև իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային և կանգնել։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «ВАЗ 21061» մակնիշի վարորդը և չորս ուղևորները տեղում մահացել էին, իսկ ուղևորներից մեկը (ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ում վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: