կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-19 13:30
Հասարակություն

Հանգստի մեկնողները վերադառնում են ոչ միայն լավ հիշողություններով, այլ նաև սեռավարակներով. սեքսապաթոլոգ

Հանգստի մեկնողները վերադառնում են ոչ միայն լավ հիշողություններով, այլ նաև սեռավարակներով. սեքսապաթոլոգ

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան լողափնյա հանգստի ընթացքում առաջացած սեռավարակներին, դրանց կանխարգելիչ միջոցառումներին: Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ ծովափնյա հանգստի երկու ռիսկային խումբ կարելի է առանձնացնել`հանգստի մեկնողներ և վերադարձողներ:

«Մեկնողները կարող է չնկատեն, որ ամառային գայթակղություններին տրվելով, կարող են ծավալել չպաշտպանված սեռական հարաբերություններ, գումարած հիգիենայի բացակայությունը: Հանգստից վերադառնալուց հետո այդ կատեգորիայի այցելությունների թիվը շատանում է: Այստեղ մենք ամառային գայթակղությունների վտանգների հետ գործ ունենք: Հանգստի մեկնողները վերադառնում են ոչ միայն լավ հիշողություններով, այլ նաև սեռավարակներով»,- ասաց բժիշկը` հավելեով, որ սեռավարակների զոհ դառնում են հիմնականում երիտասարդները:

Սեքսապաթոլոգը ծովափնյա հանգստի մեկնողներին կոչ արեց լինել զգոն, ունենալ հակաբեղմնավորիչներ, ինչպես նաև օգտագործել հակասեպտիկներ: Շահրամանյանը նշեց նաև, որ սեռավարակները երբեմն կարող են նաև կլինիկորեն հաստատված չլինել և վարակվածը նույնիսկ չգիտակցի իր` վարակված լինելու մասին: «Բուռն հանգիստից եկածներին խորհուրդ է տրվում ստուգվել: Սնկային հիվանդությունները ջրի մեջ հեշտ են փոխանցվում: Ընկերներով գնում են լողալու և օգտվում են մի սրբիչից և սրբիչի միջոցով շատ արագ կարող է փոխանցվել վարակը: Շատ կարևոր է իմանալ նաև, որ չի կարելի նույն լողազգեստով ողջ օրվա ընթացքում մնալ:

Միայն ջուրը մտնելու ժամանակ է պետք լողազգեստը հագնել, ջրից դուրս գալուց հետո անմիջապես հարկավոր է փոխել այն, հագնել չոր հագուստ»,- ասաց մասնագետը: Գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանն էլ շեշտեց այն հանգամանքը, որ հատկապես պետք է զգոն լինեն հանգստի մեկնող հղիները:

«Հղիներին ամառային հանգիստը շոգ երկրներում անցկացնել խորհուրդ չի տրվում: Նրանք ամենամեծ ռիսկային խմբում են: Հատկապես մինչև 12 շաբաթական և 34 շաբաթական հղիներին չի կարելի ծովափնյա ակտիվ հանգիստ ունենալ: Ցերեկային ժամերին խորհուրդ չի տրվում գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ»,- ասաց բժիշկը` հավելելով հիգիենայի կաննոների բացակայությամբ լողալու վայրերը կարող են առաջացնել պտղի մոտ ինֆեկցիա, նորածնի մոտ աչքի, շնչուղիների բորբոքում: