կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 13:40
Հասարակություն

Մեր զույգերի մոտ սովորաբար կաղում է նախաամուսնական ընթացքը. բժիշկ-սեքսապաթոլոգ

Մեր զույգերի մոտ սովորաբար կաղում է նախաամուսնական ընթացքը. բժիշկ-սեքսապաթոլոգ

Հոգեբան Իրինա Ծատուրյանը և բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն այսօր Ընտանիքի միջազգային օրվա շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին ընտանեկան և ամուսնական խնդիրների, հոգեբանական և սեռական որոշ հարցերի մասին:

 

Իրինա Ծատուրյանը, խոսելով ամուսնալուծությունների տեսակների, դրանց հաճախակիության մասին, նշեց, որ կարելի է առանձնացնել երեք կատեգորիա: Ըստ հոգեբանի`ամուսնալուծվող կատեգորիա կարող են համարվել 1-7 տարի իրար հետ ապրած զույգերը, 7-15 տարի իրար հետ ապրած զույգերը, ինչպես նաև 15-ից ավելի տարիներ միասին ապրած զույգերը:

 

«Ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվում են ամուսնության 1-7 տարիների ընթացքում: Դրանց վրա կարող են զանազան ազդեցություններ լինել: Առաջին ազդեցությոնը թերևս այն է, որ աղջիկները բոլորովին էլ պատրաստ չեն ամուսնության, սակայն գրավվում են սպիտակ զգեստով և կատարում իրենց կյանքի սխալը: Այնուհետև լուրջ ներգործություն ունեն սոցիալական խնդիրները և տղամարդկանց շահերի ոտնահարումը: Վերջին կատեգորիայի մեղավորը տղաների մայրերը կարող են լինել: Նրանք ստիպում են իրենց տղաներին ամուսնանալ իրենց գտած «հարմար» աղջիկների հետ»,- նշեց հոգեբանը:

 

Ըստ նրա` ամուսնալուծությունները մեզ մոտ ոչ թե շատ են, այլ շատացել են:

 

Բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով` այսօր ընտանեկան խնդիրների պատճառներից մեկը պատասխանատվության զգացման պակասն է: Ըստ նրա` մեկ այլ խնդիր է, որ այսօր երիտասարդ զույգերի մոտ բացակայում է միմյանց զիջելու պատրաստակամությունը: «Նման կոնֆլիկտները, ցավոք, չեն լուծվում ու մատնվում են լռության, կամ էլ ընտանիքները ավտոպիլոտային սկզբունքով են ապրում, որն, ի վերջո, ավարտվում է ամուսնալուծությամբ»,- նշեց նա` հավելելով. «Շատ դեպքերում ամուսնու երկարատև բացակայությունը նպաստում է նրան, որ որոշ հարցերում կինը սկսում է փոխարինել ամուսնուն` նրա դերակատարությունը վերցնելով իր վրա: Այնինչ` երեխան ընտանիքում ցանկալի է` հավասարապես զգա և՛ հոր, և՛ մոր դաստիարակությունը»,- նշեց բժիշկը:

 

Նրա խոսքով` այսօր հայ ընտանիքներում առկա են թե' հոգեբանական, թե' սեռական ներդաշնակության խնդիրները: Շահրամանյանի կարծիքով` մեր երիտասարդներն առաջնորդվում եմ տարբեր կայքերում եղած ինֆորմացիաներով ու արդյունքում` բախվում ընտանեկան խնդիրների: Նա նշեց նաև, որ ամուսնալուծությունների կարող է հանգեցնել այն, որ մեր զույգերի մոտ սովորաբար կաղում է նախաամուսնական ընթացքը. զույգերը մինչ ամուսնանալը իրար լավ չեն հասցնում ճանաչել: