կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-19 11:42
Հասարակություն

Հայաստանի և Վրաստանի գյուղնախարարներն առանձնազրույց են ունեցել

Հայաստանի և Վրաստանի գյուղնախարարներն առանձնազրույց են ունեցել

Վրաստան կատարած այցի երկրորդ օրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որտեղ կայացել  է երկու երկրների գյուղնախարարների առանձնազրույցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում հարաբերությունների ընդլայնման և  նոր ուղղություններով փոխգործակցության զարգացման շուրջ:

Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է  երկուստեք ջանքեր ներդնել  հատկապես ապրանքաշրջանառության ծավալների մեծացման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ` ընդգծելով առկա ներուժի առավելագույնս արդյունավետ իրացման կարևորությունը:

Երկու հարևան երկրների ագրարարին ոլորտի պատասխանատուներն առանձնացրել են փորձի փոխանակման հնարավորությունները մասնավորապես ձկնաբուծության ոլորտում և «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) շրջանակում, որն ուղղված է  գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների կայուն եւ համապարփակ զարգացմանը:

Հանդիպման ավարտից հետո Սերգո Կարապետյանը և Օթար Դանելիան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Հայաստանի գյուղնախարարը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով համագործակցության ընդլայնման հեռանկարներին,  իր խոսքում հատկապես կարևորել է գյուղացիական կոոպերատիվների խթանման, ապահովագրական համակարգի ներդրման ուղղություններով գործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Նախարարը հավելել է, որ Վրաստանի համար կարող է օգտակար լինել խաղողի սեղանի սորտերի աճեցման տեխնոլոգիաների, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների զարգացման հայկական փորձը:

Առանձնահատուկ կարևորվել է  փոխայցելությունների ակտիվացումը երկու հարևան երկրների միջև ինչպես պաշտոնական մակարդակում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում:

Նախարարները ևս մեկ անգամ ընդգծել են ձեռներեցության խթանման կարևորությունը համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ` մատնանշելով հայ և վրացի գործարարների համատեղ ներդրումներով ստեղծված «Իխտիոսի» ձկնաբուծարանի հաջողված օրինակը: 

Նախարար Կարապետյանն այցելել է նաև Վրաստանի սննդամթերքի անվտանգության գործակալություն և գիտական կենտրոն, ծանոթացել  իրականացվող աշխատանքներին:

Այնուհետև Սերգո Կարապետյանն իր վրացի պաշտոնակցի ուղեկցությամբ ուղևորվել է Կախեթի, որտեղ այցելել է «Կինձմարաուլիս մարանի» գինեգործական ընկերություն,  «Մեխանիզատոր» ծառայությունների կենտրոն: 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին