կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-08 18:15
Տնտեսական

Գագիկ Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ ֆինանսների նախարարի հետ

Գագիկ Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ ֆինանսների նախարարի հետ

Դեկտեմբերի 8-ին Երևանում գումարվել է Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի 24-րդ նիստը, որն առաջին անգամ է անցկացվում մեր երկրում: Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի ֆինանսների նախարարները, Ղրղզական Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալը, Հիմնադրամի միջոցների կառավարիչ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը, Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչները, ՀՀ փոխվարչապետ Վահե Գաբրիելյանը:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ` Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին` տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները հաղթահարելու, երկարաժամկետ կայունություն ապահովելու և անդամ երկրների տնտեսությունների ինտեգրմանն աջակցելու նպատակով: «Նիստում հաստատվել է Արմավիրի մարզում Մաստարայի ջրամբարի կառուցման ներդրումային ծրագրի 25,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ֆինանսավորման նախնական հայտը, ինչը մեծ նշանակություն կունենա մեր երկրի գյուղատնտեսության զարգացման համար:

Ինչպես նաև որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական վարկի` 100 մլն ԱՄՆ դոլարի չափով առաջին մասնաբաժնի տրամադրման մասին, ինչն էլ ուղղված է ֆինանսական կայունության ապահովմանը»,-նշել է Գագիկ Խաչատրյանը: ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ընդգծել է, որ հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում անդամ պետությունների միջպետական և ազգային խոշոր ներդրումային նախագծերին, նաև դրամաշնորհներով աջակցում է սոցիալական ոլորտում պետական ծրագրերի ֆինանսավորմանը:

«2016 թվականին նույնպես Հիմնադրամը կշարունակի աջակցություն ցուցաբերել տարբեր ոլորտներում իրականացվող նախագծերին, մասնավորապես` ուղղված եվրասիական ինտերգրման առավել խորացմանը»: Հիմնադրամի խորհուրդն ամփոփել է 2015 թվականին իրականացված աշխատանքները և մատնանշել 2016-ի համագործակցության ուղենիշերը: Հաջորդ նիստը կանցկացվի Մոսկվայում: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ:

Քննարկվել են ռուսական կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական կառավարման միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման ծրագրի համաֆինանսավորման և մաքսային գործընթացներում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր:

Անդրադարձել է եղել նաև ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության խորացման հեռանկարներին, մասնավորապես, երկու նախարարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացմանը: ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին