Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ՊՆ-ին պատկանող միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Նշենք, որ վերոնշյալ միկրոավտոբուսը ՊՆ –ի հաշվեկշռում է: Դրանով երեխաներ են տեղափոխել: Նշենք նաեւ, որ երեխաներին, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխել են Սևանի հիվանդանոց:
Սևանի հիվանդանոցի վիրաբույժ Արսեն Մարգարյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց բժշկական հաստատություն է տեղափոխվել 13 մարդ` տարբեր մարմնական վնասվածքներով: «Տասներեք հոգու բերեցին մեզ մոտ, նրանցից երեքի վիճակը լավ էր, զննելուց անմիջապես հետո դուրս գրեցինք, երկու հոգու իրենց հարազատները տարան, որովհետև արդեն լավ էին, իսկ մնացած 8-ն էլ դեռ հիվանդանոցում են, բայց լուրջ վնասվածքներ չունեն, միջին աստիճանի են, տարբեր տեսակի սալջարդեր են: Մեզ մոտ տեղափոխվածները տարբեր տարիքային խմբի են` 15-24 տարեկան»,- ասաց վիրաբույժը:
Նշենք, որ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել երեխաների առողջական վիճակի վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. «Առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն օպերատիվ և համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ձևավորվել են մասնագիտական խմբեր: Շտապբուժօգնության բրիգադներից բացի` Գեղարքունիքի մարզ են մեկնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները: Ժամը 14:00-ի դրությամբ` մարմնական տարբեր վնասվածքներով Սևանի հիվանդանոց տեղափոխված 10 տուժածն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Բոլոլորի վիճակը գնահատվում է բավարար: Տեղի և մարզի մասնագետների մասնակցությամբ կազմակերպված բժշկական կոնսիլիումի ընթացքում որոշում է կայացվել չորս հիվանդի տեղափոխել Երևան` 1-ին «Սուրբ Աստվածամայր», 3-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ` լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Նշենք, որ ավտոբուսում եղել է 19 ուղևոր»: