կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-14 13:25
Իրավական

Բալահովիտի գյուղապետի եղբորորդուն դատում են երեք տղամարդու սպանության փորձի համար

Բալահովիտի գյուղապետի եղբորորդուն դատում են երեք տղամարդու սպանության փորձի համար

ՀՀ գլխավոր դատախազությունը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել 8 տարի առաջ Բալահովիտում երկու և ավելի անձանց ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու վերաբերյալ գործը: Գործով մեղադրյալը Սմբատ Գրիգորյանն է, ով ըստ մամուլի հրապարակումների՝ Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանի եղբորորդին է:

Հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության համաձայն՝ Սմբատ Գրիգորյանը 2007 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ճանապարհին, խուլիգանական դրդումներով, փորձել է երկու և ավելի անձանց՝ Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Համաձայն քրեական գործի նյութերի ՝ վիճաբանության և դրան հաջորդած դանակահարությունների պատճառը եղել է այն, որ Գառնիկ Սողոմոնյանն իբր իր ուղղությամբ «շեղ հայացք է նետել»:

Վիճաբանության ընթացքում Սմբատ Գրիգորյանը, չբավարարվելով Գառնիկ Սողոմոնյանի և վեճին միջամտած Սերյոժա Գևորգյանի բազմաթիվ պնդումներին, որ իրեն ոչ ոք շեղ չի նայել, նա, ծեծկռտուք հրահրելու և խուլիգանական դրդումներով հիշյալ անձանց սպանելու դիտավորությամբ՝ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով ապօրինաբար Գառնիկ Սողոմոնյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով հարվածել է նրա կյանքի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դրանից հետո Ս. Գրիգորյանն իր միասնական հանցավոր մտադրության իրականացումն ավարտին հասցնելու միտումով` թիկունքից մոտեցել է Սերյոժա Գևորգյանին և ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով նույն գործիքով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նրա կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ: Սմբատ Գրիգորյանը, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, նույն գործիքով հարվածել է նաև միջադեպը կանխելու փորձ կատարող Վահագն Հակոբյանի մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Սմբատ Գևորգյանին չի հաջողվել հանցանքն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Սերյոժա Գևորգյանի, Գառնիկ Սողոմոնյանի և Վահագն Հակոբյանի փոխադարձ իրար օգնելուն ուղղված գործողություններով հաջողեցրել են խուսափել մահացու հարվածներից և փախուստի դիմել դեպքի վայրից:

Դեպքի առթիվ 2007թ. փետրվարի 7-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Սմբատ Գրիգորյանին խուլիգանական դրդումներով երկուսից ավելի անձանց սպանության փորձ կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել, ու վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2014 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Ս. Գրիգորյանը հայտնաբերվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Սմբատ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով, և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: