կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-26 13:05
Իրավական

Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետի սպանության գործից

Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետի սպանության գործից

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի դեմքին և նրա մեքենայի մեջ հայտնաբերված անտիմոնը կրակոցի արգասիք չէ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը` նշելով, որ դա պարզվել է համալիր փորձաքննության (դատահետքաբանական, դատաքիմիական, դատաձգաբանական եւ այլն) արդյունքում:

 

Նշենք, որ դեռ ամիսներ առաջ պաշտպանը, ինչպես նաև Արայիկի հարազատները բարձրաձայնում էին այդ մասին: Հովհաննիսյանը պնդում էր, որ Արայիկ Պետրոսյանի մեքենայի մեջ և դեմքին հայտնաբերված անտիմոնը կարող է հանդիպել և' բնության մեջ, և' կենցաղում, անտիմոնն օգտագործվում է նույնիսկ կոսմետիկայի և մարտկոցների մեջ:

 

Սակայն հատկանշական է, որ անգամ փորձաքննության եզրակացությունից հետո Պետրոսյանը շարունակում է մնալ կալանքի տակ, ավելին` հոկտեմբերի 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և ևս մեկ ամսով երկարաձգել Արայիկ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը:

 

Փաստաբանի խոսքով` վերջնականապես հիմնավորվեց, որ Արայիկ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում որևէ ապացույց չկա. ինչպես նախկինում, այժմ էլ նրան կալանքի տակ են պահում քննչական մարմնի և դատարանի ապօրինի գործողությունների արդյունքում:

 

«Մենք չենք գործում իրավական դաշտում, որ այդ մարմինների գործողությունների տրամաբանությունը հասկանանք: Մարդիկ անում են այն, ինչ ցանկանում են»,- ասաց պաշտպանը և հավելեց, որ իր վստահորդի նկատմամբ մինչ այժմ էական  քննչական գործողություն չի կատարվել:

 

Իսկ թե իրականում որո՞նք են Արայիկ Պետրոսյանին կալանքի տակ պահելու հիմքերը, հայտնի չէ: Գուցե քննչական մարմինը նրա դեմ այլ ապացույցներ ևս ունի, սակայն չի հրապարակում` գործի հետագա քննությանը չխոչընդոտելու նպատակով: