Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական Takvim պարբերականի լուրերի բաժնի պատասխանատու Մևլութ Յուքսելը ուշագրավ տեղեկություններ է հաղորդել թուրք դատախազներ Զեքերիա Օզի և Ջելալ Քարայի մասին:
Յուքսելը A Haber-ի ուղիղ եթերով հայտնել է, որ դատախազները, որոնց նկատմամբ ձերբակալության որոշում է կայացվել, ինչպես ներկայացվում է մամուլում` ոչ թե Հայաստան, այլ Ուկրաինա են փախել:
Դատախազների հետքերով Բաթումի մեկնած Յուքսելը նշել է, որ իրենց հաջողվել է գտնել, թե Ուկրաինայում որտեղ են ապաստանում դատախազները և նշել, որ շուտով ինքն էլ կմեկնի Ուկրաինա: Նա տեղեկացրել է, որ Բաթումիում դատախազներին դիմավորել են և տարել նախաճաշի, սակայն վերջիններս այնքան են եղել իրարանցումի մեջ, որ հրաժարվել են նախաճաշից և անմիջապես մեկնել են Ուկրաինա:
«Ինչպես նշվում է մամուլում`նրանք Հայաստանում չեն, Ուկրաինայում են, ուր բարեկամներ և մտերիմ ընկերներ ունեն: Չեմ կարծում, որ Ուկրաինայից հետո նրանք այլ վայր կմեկնեն»,-ասել է Յուքսելը:
A Haber-ի հաղորդավարն անդրադարձել է նաև այն պնդումներին, թե դատախազները պատրաստվում են մեկնել ԱՄՆ, սակայն Յուքսելը դա հավանական տարբերակ չի համարել:
«Նրանց համար իրենց հանցանքը թաքցնելու լավագույն վայրը Ուկրաինան է, ուր և ոչ ոք չի խանգարի իրենց: Մանավանդ այն դեպքում, երբ նրանց մոտ գումար կա և Ուկրաինային լավ ծանոթ են: Հետևաբար հեշտությամբ կարող են մնալ այնտեղ: Չեմ կարծում, որ ԱՄՆ կմեկնեն, քանի որ ոչ միայն թուրքական կազմակերպություններն են իրենց որոնում: Նրանք անընդհատ կփոխեն իրենց վայրը Ուկրաինայի ներսում, սակայն երկրից դուրս չեն գա: Այլընտրանք չունենալու դեպքում կարող են Հարավային Աֆրիկա գնալ, քանի որ հեշտությամբ կարող են այնտեղ հասնել, ուր ևս հարազատաներ ունեն»,-հայտարարել է Յուքսելը:
Հիշեցնենք, որ թուրք դատախազները քննում էին Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած կաշառակերության և կոռուպցիայի գործը: Նրանց մասին, սակայն, դատարանը ձերբակալման որոշում էր կայացրել: Հավելենք նաև, որ վերոնշյալ դատախազները փախուստի էին դիմել Թուրքիայից և, ըստ թուրքական մամուլի պնդումների, Վրաստանով մտել Հայաստան: ՀՀ ԱԱԾ-ն հերքել էր այդ մասին տեղեկությունները: