կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-10 12:50
Հասարակություն

Չեթեները կողոպտելուց հետո վայրագորեն սպանել են հայ վիրաբույժին ու մարմինը ձորը նետել

Չեթեները  կողոպտելուց հետո վայրագորեն սպանել են հայ վիրաբույժին ու մարմինը ձորը նետել

Աղբյուրը՝ armeniangenoicde100

Հարություն Հալվաճյանի պատմությունը

1850 թ., Տիգրանակերտ

Թուրք պաշտոնակից բժիշկների զրպարտանքների հետևանքով հայ բժիշկ Հարություն Հալվաճյանն Առաջին աշխարհամարտի տարիներին Կովկասյան ռազմաճակատից հետ է ուղարկվել իր ծննդավայրը՝ ծառայելու տեղի զինվորական հիվանդանոցի բժշկապետ: Նա իրեն ուղեկցող թուրք զինվորականների հետ կառքով ճանապարհ է ընկել դեպի Տիգրանակերտ, որի մոտակա Դևե բոյնու (Ուղտի վիզ) տեղանքում չեթեները (ավազակները) հարձակվել են կառքի վրա, իսկ թուրք զինվորները դիմադրություն չեն ցուցաբերել: Չեթեները բժշկին կողոպտելուց հետո վայրագորեն սպանել են նրան ու մարմինը ձորը նետել:

 

Ծնվել է 1850/65 թ., Տիգրանակերտի նահանգի կենտրոն Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքում:

 

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սբ Կիրակոս եկեղեցու ազգային վարժարանում:

 

Ավարտել է նաև տեղի թուրքական իդադիեն (միջնակարգ դպրոցը):

 

Մոտավորապես 1890 թ. ավարտել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանը և ստացել «թոփչիի» (հրետանու սպայի) զինվորական կոչում:

 

Մասնագիտությամբ եղել է վիրաբույժ:

 

Ավարտելուց անմիջապես հետո զինվորական ծառայության է անցել օսմանյան բանակում:

 

Երկար տարիներ Օսմանյան կայսրության մի շարք քաղաքներում գտնվող զինվորական հիվանդանոցներում զինվորական բժիշկ է ծառայել:

 

Գնդապետի զինվորական կոչում և բժշկապետի տիտղոս է ունեցել:

 

Ծառայել է օսմանյան բանակի Մեզիրեի զինվորական հիվանդանոցում:

 

Եղել է Խարբերդի գավառի կառավարիչ (կայմակամ): Հարյուրավոր թուրք քաղաքացիներ ու զինվորականներ փրկվել են նրա հմուտ վիրահատությունների շնորհիվ:

 

Օսմանյան կայսրության պատերազմական նախարարությունից արժանացել է բեյի տիտղոսին:

1914 թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր դեղագործ եղբոր հետ միասին, 5-րդ կոլ-օրդուի (ենթաբանակի) բժշկապետի պաշտոնով ուղարկվել է Կովկասյան ռազմաճակատը:

 

Այստեղ օսմանյան բանակի պարտությունից հետո հայ զինվորական բժիշկների ներկայությունը ռուսական սահմանի մոտ համարվել է կասկածելի, և գնդապետ բժիշկը ուղարկվել է Խարբերդ ու Մեզիրեի զինվորական հիվանդանոցի բժշկապետ նշանակվել: Այստեղ նա մեծ ծառայություն է մատուցել օսմանյան բանակում ժանտախտի համաճարակի դեմ պայքարելու և հազարավոր թուրք զինվորների կյանքը փրկելու գործին, ինչի համար արժանացել է զինվորական իշխանության գնահատանքին:

 

Թուրք պաշտոնակից բժիշկների զրպարտանքների հետևանքով բժիշկը հետ է ուղարկվել իր ծննդավայրը՝ ծառայելու տեղի զինվորական հիվանդանոցի բժշկապետ: Հարություն Հալվաճյանն իրեն ուղեկցող թուրք զինվորականների հետ կառքով ճանապարհ է ընկել դեպի Տիգրանակերտ, որի մոտակա Դևե բոյնու (Ուղտի վիզ) տեղանքում չեթեները (ավազակները) հարձակվել են կառքի վրա, իսկ թուրք զինվորները դիմադրություն չեն ցուցաբերել: Չեթեները բժշկին կողոպտելուց հետո վայրագորեն սպանել են նրան ու մարմինը ձորը նետել:

 

Այլ տվյալով՝ 1915 թ. հուլիսին սպանվել է Խարբերդում կամ Գեղվանքի մոտ, իր աշխատավայրում` մոտ 55 տարեկանում:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 187 – 189: