կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-01 14:26
Հասարակություն

Թուրք ոստիկանները սպանել են հայ վարդապետին, իսկ նրա արնաշաղախ դին ձորը գլորել

Թուրք ոստիկանները սպանել են հայ վարդապետին, իսկ նրա արնաշաղախ դին ձորը գլորել

Աղբյուրը՝ armeniangenocide100

Շավարշ ծ. վրդ. Սահակեան

1881 թ., Շապին Գարահիսար

1915-ի հունիսի 3-ին, երբ Շավարշ վարդապետը զրուցում էր եկեղեցու առաջնորդարանի սրահում համախմբած խորհրդականների հետ, 3 ոստիկան է ներս մտնում և ասում, թե թուրք պաշտոնյան ցանկանում է նրան տեսնել: Շավարշ վարդապետը կառքով մեկնում է պաշտոնյայի մոտ: Տեղ հասնելուն պես նրա ուղեկցորդին ձերբակալում են ու բանտարկում, իսկ վարդապետը ներկայանում է կառավարչին՝ խոսելով համատարած զինահավաքի մասին և բողոքելով խժդժություններից ու ձերբակալություններից: Կառավարիչը սակայն սառնորեն հաղորդում է, իբրև թե վարդապետին պետք է անհապաղ Սեբաստիա ուղարկի: Ուղեկցող ոստիկանները նրան սպանում են ճանապարհին՝ մարտիրոս վանականի արնաշաղախ դին գլորելով ձորը:

 

Ծնած է 1881-ին Շ. Գարահիսար, աշխարհական անուամբ Արշաւիր: 1899Հոկտեմբերին Արմաշու դպրեվանքը մտնելով՝ 6 տարի վերջ վարդապետ կը ձեռնադրուի Դուրեան Սրբազանէ: Պահ մը փոխ-տեսուչ դպրեվանուց, յետոյ առաջնորդական փոխանորդ Սեբաստիոյ, եւ հուսկ ուրեմն՝ Եւդոկիոյ:


3 Յունիս 1915-ին, երբ առաջնորդարանի սրահը խորհրդականներով համախմբուած կը խօսակցէր՝ գլխովին անտեղեակ իրեն սպառնացող վտանգին, 3 ոստիկան յանկարծ ներս մտնելով կ՚իմացնեն, թէ Միւթէսարըֆը գինքը կ՚ուզէր տեսնել: Շաւարշ վարդապետ բարապանի մը ընկերակցութեամբ կառքով կը մեկնի պաշտօնատուն: Հոն բարապանը կը բանտարկուի նոյնհետայն, իսկ վարդապետը կառավարիչին ներկայանալով կը խօսի անվեհեր եւ կը բողոքէ զինահաւաքումի առթիւ եղած խժդժութեանց եւ ձերբակալումներուն մասին: Կառավարիչը սակայն սառնօրէն կը հաղորդէ անոր, թէ ստիպողական խնդրոյ մը առթիւ հարկադրուած էր իսկոյն ուղարկել զինք Սեբաստիա: Քիչ մը անդին սպասող պաշտօնեաներ տրուած նշանի մը վրայ կը շուրջպատեն Առաջնորղը, վրան գլուխը կր խուզարկեն եւ անարգական ձեւերով կը քաշկռտեն դուրս՝ սանդուխներէն վար եւ 4 ոստիկաններու հսկողութեամբ միեւնոյն կառքը նստեցնելով կը տանին իբր թէ Սեբաստիոյ ուղղութեամբՕրը կը տարաժամէր: Այդ դժնդակ ուղեւորութեան պահուն, իր շուրջի զինեալ մարդոց սպառնալից աչքերը շատ բան կը խօսէին մօտալուտ վտանգին վրայօք: 

Յուզումը զսպելու այլեւս անկարող, Շաւարշ վարդապետ հայերէն լեզուաւ կը ձայնէ կառապան Սէֆէրեան Նազարի.- «Դե˜հ, մտրակէ՛ ձիերը. որչափ արագ վազցնես՝ գերեզմանիս այնչափ շուտ մօտեցուցած պիտի ըլլաս զիս… ասոնց վարմունքէն կռահած եմ, թէ ժամերնիս համրուա՜ծ են այլեւս… Իս մի՛ մտածեր, դուն քու գլխուդ ճարը նայէ՛…»:

 

Կառքը թաւալած էր 2 ժամ տեղ եւ հասած Ղըզըլ Էնիշի «Կիւն-Կէօրմէզ» կոչուած աղբիւրը, երբ կը կեցուցուի ոստիկաններուն հրամանաւ: «Վա՛ր իջիր» կ՚ոռնայ իրենցմէ մին: Վարդապետը մի քիչ կ՚ուշանայ՝ կօշիկները հագնելու զբաղած ըլլալով: Եւ ահա՛ խարազանը կը չաչէ անոր այտին, մահահրաւէր պօռուքի մը ընկերացած: Գուլպաներով կ՚սկսի քալել ան, գլխիկոր, նախատակոծ ու դեդեւկոտ, շրջապատւած երեք հոգիներէ, մինչ չորրորդը ծերուկ՝ պահակ կ՚սպասէր կառապանին մօտ:            

 

Անունին պէս ահաւոր այդ ձորին մէջ կը պառկեցնեն զինք, դանակին սայրասուր շեղբը քսելով անոր խռչափողին, յետոյ աքացի զարնելով՝ ձորն ի վար կը գլորեն մարտիրոս եկեղեցականին արիւնլուայ մարմինը…:


Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտի