կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-04 11:55
Իրավական

Երրորդմասցի Լյովիկի և Քանաքեռցի Տույի կալանավորված «մերձավորը» հացադուլ է հայտարարել

Երրորդմասցի Լյովիկի և Քանաքեռցի Տույի կալանավորված «մերձավորը» հացադուլ է հայտարարել

Երրորդմասցի Լևովիկի և ընկերների սպանության գործի նյութերով հարուցված նոր քրեական գործով անցնող մեղադրյալ Արա Խաչատրյանն օգոստոսի մեկից հացադուլ է հայտարարել: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Խաչատրյանը 2015թ–ի ապրիլի 13–ից գտնվում է կալանքի տակ և պահվում է ՀՀ ԱՆ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում: Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի զենք զինամթերք պահելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լևովիկի՝ Լևոն Ղազարյանի սպանությունից հետո նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել Լյովիկի մերձավորների բնակարաններում, ինչից հետո էլ մի քանի անձինք կալանավորվել էին: Ըստ նախաքննական մարմնի՝ Արա Խաչատրյանը Երրորդմասցի Լյովիկի և Քանաքեռցի Տույի մերձավորն է, սակայն ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալը Լյովիկի հետ առնչություն չի ունեցել, իսկ Տույի հետ պարզապես նույն բակի բնակիչներ են:

Պողոսյանի խոսքով՝ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում և նրան կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա: Ավելին, նախաքննական մարմինը Արա Խաչատրյանի նկատմամբ 4 ամսվա ընթացքում ընդամենը մեկ ժամ է քննչական գործողություն իրականացրել: Արա Խաչատրյանը հացադուլի միջոցով պահանջում է կամ գործն ուղարկել դատարան և այնտեղ որոշել իր մեղավորությունը կամ խափանման միջոցը փոխել: Պողոսյանը հայտնեց, որ իրենք ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն են ներկայացերել՝ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Անդրադառնալով իր պաշտպանյալի՝ հացադուլ հայտարարելուն, փաստաբանը հայտնեց, որ թեև իր պաշտպանյալը օգոստոսի 1–ից հայտարարել է հացադուլ, սակայն մինչ այժմ պահվում է նույն խցում «ոչ հացադուլավոր» խցակիցների հետ:

«Ըստ պաշտպանյալիս հայտարարության՝ իր խցակիցները մարդկային կանոններից ելնելով ևս հրաժարվում են սնվել, սակայն պաշտպանյալս չի ցանկանում, որպեսզի իր բողոքը ազդեցություն ունենա այլ անձանց վրա: Կարծում եմ հացադուլ հայտարարած անձին սնվող անձանց հետ միասին մեկ խցում պահելը իր մեջ պարունակում է խոշտանգման հատկանիշներ»,-ասաց Պողոսյանը և հավելեց, որ այդ խնդրով դիմել են նաև Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակին:

Պաշտպանին այսօր օմբուդսմենի գրասենյակից տեղեկացրել են, որ «Կենտրոն ՔԿՀ-ում» տեղ չունեն , այդ իսկ պատճառով չեն կարող կալանավորին առանձին խուց տեղափոխել: