կարևոր
8257 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-26 10:38
Իրավական

2-րդ անգամ «տնային կալանք» է կիրառվել Տիգրան Մուկուչյանի փեսայի դեմ. ուշագրավ մանրամասներ Քանաքեռցի Տույի գործով

2-րդ անգամ «տնային կալանք» է կիրառվել Տիգրան Մուկուչյանի փեսայի դեմ. ուշագրավ մանրամասներ Քանաքեռցի Տույի գործով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Քանաքեռցի Տույի սպանության գործով։
Մասնավորապես, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն արդեն երկրորդ անգամ է կալանքից ազատում և «տնային կալանք» խափանման միջոց կիրառում խմբի կազմում ապօրինի ձեռք բերած և պահած ինքնաձիգերով 3 անձի սպանություն կատարելու համար մեղադրվող Հովհաննես Սիմոնյանին։
Առաջին անգամ դատավոր Մանվել Շահվերդյանը 2023 թվականի մարտի 9-ի էր որոշում կայացրել Հովհաննես Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին։
Այն ժամանակ, տուժող կողմի և դատախազի բողոքի հիման վրա, ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել էր Մանվել Շահվերդյանի որոշումը: Վերաքննիչ դատարանը գտել էր, որ քրեական վարույթով անցնող մյուս մեղադրյալների հետ ունեցած հարաբերությունների բնույթը ողջամտորեն հիմք է տալիս նրանց նկատմամբ անօրինական ազդեցության գործադրման մեծ հավանականության մասին եզրակացություն կատարելու համար, և դրա հիման վրա էլ գտել էր, որ տնային կալանքի պայմաններում վարույթի մասնավոր մասնակիցների հետ շփման արգելքի պարտականությունը սույն դեպքում անիրագործելի է՝ հաշվի առնելով վերջինիս՝ այդ վարույթով մյուս մեղադրյալի հետ համատեղ բնակության հանգամանքը:

Իրականում նման ծանրության հանցագործությունների դեպքում և նման իրավիճակում մեղադրյալի նկատմամբ տնային կալանք կիրառելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը շատ տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ դրանից առավել մեղմ հանցագործությունների պարագայում դատարանները, այդ թվում՝ հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, տնային կալանք չեն կիրառում, իսկ այս դեպքում բավարար չէ, որ մեկ անգամ կիրառել է, այլ նաև Վերաքննիչ դատարանի կողմից այդ որոշումը բեկանելուց 6 ամիս անց դատավոր Մանվել Շահվերդյանը կրկին Հովհաննես Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը՝ բացահայտ անտեսելով նաև Վերաքննիչ դատարանի որոշումը և դրանում նշված պատճառաբանությունները, առավել ևս՝ Վերանքնիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էին ներկայացրել Հովհաննես Սիմոնյանի պաշտպանները, և Վճռաբեկ դատարանը դա վարույթ ընդունելը մերժել էր։

Փորձեցինք հասկանալ, թե ինչում կարող է լինել դատավոր Մանվել Շահվերդյանի ակնհայտ շահագրգռվածությունը Հովհաննես Սիմոնյանին համառորեն կալանքից ազատելու հարցում, և մեզ հայտնի դարձավ, որ Հովհաննես Մանուկյանը հանդիսանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկարամյա նախագահ Տիգրան Մուկուչյանի փեսան, որը նաև նախկինում հանդիսացել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ և վարչական վերաքննիչ դատարանների նախագահը, հետևաբար լուրջ կապեր ունի նաև դատական համակարգում։

Կարծում ենք, որ դատարաններում վեթինգի մասին ամենօրյա ռեժիմով խոսող ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և այլ իրավասու մարմինները նման դեպքերով պետք է առավել հետաքրքրված լինեն՝ պարզելու համար, թե այդ ինչ թաքնված շահեր կան դատավորի կասկածելի որոշումների հետևում։
Նշենք, որ, ArmLur.am-ի տեղեկություններով, այս դեպքում ևս տուժող կողմը և դատախազը Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել այս որոշման դեմ, և հիմա հերթը Վերաքննիչ դատարանինն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: