Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կա գրավոր փաստաթուղթ, մենք էլ հասուն մարդիկ ենք, եկեք կարդանք ու բացահայտենք՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծն այլ նպատակ հետապնդո՞ւմ է, թե՞ ոչ. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով «ոչ»-ի ճամբարի կողմից հնչող հակափաստարկներին: «Չի կարելի սուրճի բաժակ նայելու տրամաբանությամբ ասել, որ անպայման վատը կլինի: Եկեք կարդանք, հասկանանք, հետո ասենք՝ այ այստեղ թաքնված բան կա: Խորհրդարանական ընդդիմությունը վեր կացավ ու հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ուզում է Ազգային ժողովի նախագահ դառնալ, բայց Վարդան Պողոսյանն ասաց, որ 5 տարին էլ կհանեն: Ու արդյունքում այդ ընդդիմությունը զինաթափվեց, որովհետև իրենց հակափաստարկների շղթան այնքան փխրուն է, որ մեկ փչոցից ամբողջը փշրվեց»,- նշեց Հրանտ Մարգարյանը:
- Սահմանադրական բարեփոխումների հարցով քաղաքական դաշտը բաժանվել է սևի ու սպիտակի: Կան կարծիքներ, որ «ոչ»-ի ճամբարում հավաքված ուժերն ունեն նախագահի թեկնածու և դրա համար են դեմ արտահայտվում խորհրդարանական կառավարման համակարգին: Դուք չունե՞ք նախագահի թեկնածու, այդ պատճառով եք կողմ այս փոփոխություններին:
- Բնական է, նորմալ, որ քաղաքական դաշտը բաժանվել է «ոչ»-ի և «այո»-ի, այլ կերպ լինել չէր կարող: Տգեղը, ոչ նորմալն այն է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ խորքային, բովանդակային քննարկում չի ընթանում, չի հիմնավորվում՝ ինչու «ոչ»: Միակ բանը, որ ասվում է՝ այս նախագահից չի կարելի լավ բան սպասել, ուրեմն իր կողմից առաջարկված փոփոխությունը չի կարող դրական լինել: Սա ճիշտ մոտեցում չէ, և ընդհանրապես ճշմարտությունը չէ: Երկրորդ, քիչ թե շատ տրամաբանական խոսքն այն մասին է, որ Հայաստանը պատերազմական դրության մեջ է, և իշխանությունը պետք է կենտրոնացված լինի: Բայց կա աշխարհի փորձ. այն երկրները, որոնք խորհրդարանական կառավարում են ունեցել, վատ չեն պատերազմել:
Կա նաև մեդալի հակառակ կողմը: Այսօր մենք մի հանգրվանում ենք, որ այո՛, հնարավոր է միջազգային ուժերը փորձեն Հայաստանի վրա ճնշում բանեցնելով պարտադրել զիջումային քաղաքականություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կամ մի շարք այլ հարցերում: Եթե ճնշումը մեկ հոգու վրա է ուղղված, ավելի հեշտ է նպատակի հասնել, քան մի ամբողջ խորհրդարանի: Այդ նույն ուժերը, որոնք այսօր դեմ են սահմանադրական փոփոխություններին, գանգատվում էին՝ թե ինչո՞ւ նախագահը սեպտեմբերի 3-ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին պայմանագիրը: Բա որ մի գեղեցիկ օր էլ նախագահը ստորագրի Ղարաբաղի հարցով մի պայմանագիր՝ ի՞նչ պիտի անենք: Իսկ եթե, Աստված մի՛ արասցե, նախագահը լինի թուլամորթ մի անձ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ սարսափելի հետևանքներ կունենա սա: Կարծում եմ, որ որոշ արտաքին ուժեր, հենց այս պատճառով չեն ուզում, որ Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման համակարգին:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուին. իրենք դա հնարավոր են համարում, միայն՝ հնարավոր: Ոչ ոք չունի ընտրվող նախագահի թեկնածու, որը կունենա համապատասխան ժողովրդական կազմակերպվածություն իր շուրջը, ճանաչողություն, հեղինակություն: Նրանք մտածում են, որ հակա-ի պահանջի վրա պետք է կարողանան ալիք բարձրացնել, բայց դրա հնարավորությունները 50/50 են: Չեմ կարծում, թե նման կեցվածքը պատասխանատու կեցվածք է ժողովրդի, երկրի ապագայի նկատմամբ: Իսկ եթե խոսքը նախագահ դառնալու կարողունակության մասին է, ապա Դաշնակցությունում շատ մարդիկ կան, ովքեր կարող են դառնալ նախագահի թեկնածու: Անհեթեթ զրույցներ են:
- Կան տեսակետներ, որ Դաշնակցությունը ուժեղ է իր կուսակցական բրենդով և խորհրդարանական կառավարման համակարգը ձեզ համար լավագույն տարբերակն է, որովհետև մարդիկ կքվեարկեն ՀՅԴ կուսակցության օգտին և կունենաք ավելի մեծ ներկայացվածություն Ազգային ժողովում, քան հիմա:
- Սխալվում եք: Մենք շահագրգռված ենք այս փոփոխություններով, որովհետև խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում ժողովուրդն ընտրում է ծրագիր, ռազմավարություն, հայեցակարգ, ոչ թե անձի: Մենք հո մոդել չե՞նք ընտրում, որ անձի արտաքին տվյալների հիման վրա որոշում կայացնենք: Մենք ընտրում ենք քաղաքական ուժ՝ ժողովրդի կողմից ընդունելի, հստակ ծրագրով, ճշտված ռազմավարությամբ, որը պետք է ղեկավարի երկիրը: Իսկ հիմա մեզ մոտ մեկ էլ առաջադրվում է հակա-թեկնածու և հավաքում է քվեներ ոչ թե ծրագրի, այլ այն պատճառով, որ հակա է մյուս թեկնածուին: Հակա-ի հիմքի վրա ընտրություններում առավելություններ ապահովելը չի վկայում տվյալ թեկնածուի ժողովրդականության մասին։
- Այդ դեպքում, ինչո՞ւ են հենց հիմա արվում այս փոփոխությունները: Արդյո՞ք սա Սահմանադրությունը փոխելու ամենաբարեհաջող ժամանակն է:
- Այո՛, որովհետև այս իշխանությունների ժամանակաշրջանը ավարտվում է, սկսվում է նոր փուլ: Այս տեսանկյունից, սա ճիշտ ծրագրված քայլ էր: Թե ինչո՞ւ են առաջարկում այս փոփոխությունները, մտածում եմ, որ գուցե Նախագահն ուզում է լավ բան անել իր երկրի համար: Ես չեմ հավատում, որ ինքը ամենավատ մարդն է, ինչո՞ւ ոչ, գուցե ուզում է լավ բան անել, կամ գուցե նա իր ապագան տեսնում է որպես քաղաքացի և ուզում է լավ հասարակության մեջ ապրել, ճիշտ համակարգում: Վերջապես, Սերժ Սարգսյանն աչքի առաջ ունի օրինակներն այն քաղաքական ուժերի, ովքեր երեկ իշխանություն էին, այսօր՝ լուսանցքում են և չի ցանկանում մնալ լուսանցքում, ուզում է դերակատար ուժ մնալ քաղաքական դաշտում: Անպայման չէ, որ լինես իշխանություն, կարող է լինես ընդդիմություն, բայց երկրի կառավարման գործում դերակատարություն ունենաս։
Վերջին հաշվով, մենք հո սուրճի բաժա՞կ չենք նայում: Կա գրավոր փաստաթուղթ, մենք էլ հասուն մարդիկ ենք, եկեք կարդանք ու բացահայտենք՝ այլ նպատակ կա՞, թե՞ չկա: Չի կարելի սուրճի բաժակ նայելու տրամաբանությամբ ասել, որ անպայման վատը կլինի: Եկեք կարդանք, հասկանանք, հետո ասենք՝ այ այստեղ թաքնված բան կա: Խորհրդարանական ընդդիմությունը վեր կացավ ու հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն ուզում է Ազգային ժողովի նախագահ դառնալ, բայց Վարդան Պողոսյանն ասաց, որ 5 տարին էլ կհանեն: Ու արդյունքում այդ ընդդիմությունը զինաթափվեց, որովհետև իրենց հակափաստարկների շղթան այնքան փխրուն է, որ մեկ փչոցից ամբողջը փշրվեց:
Եթե լավ բան է, պետք է քաջություն ունենաս ընդունելու: Հասկանում եմ, որ մթնոլորտն այնպիսին է, որ դյուրին է ասել վատն է, անընդունելի է, այս իշխանությունը վատն է, բայց սա քաջ մարդու կեցվածք չէ: Քաջ մարդը պետք է կարողանա հակառակորդի լավն ընդունել ու համարձակություն ունենալ չնախատեսած լավ բանի դեպքում համաձայնության գալ: Հո մենք չե՞նք խաղում, նպատակն այս երկիրն է, ժողովուրդը: Ամեն դեպքում, ԱԺ պատկերն արդեն իսկ խոսուն է. «այո»-ի տրամաբանությունը արդեն իսկ հաջողած է, որովհետև տրամաբանական է:
- Նոր Սահմանադրության նախագծում թաքնված ոչ մի բան չկա՞: Որոշ ընդդիմադիրներ ասում են, որ սա լուծում է Սերժ Սարգսյանի իշխանափոխության հարցը, որ գործող նախագահը անգամ պաշտոն չզբաղեցնելու դեպքում շարունակելու է կառավարել երկիրը, որովհետև մնալու է հաջորդ ԱԺ մեծամասնությունը կազմող Հանրապետական կուսակցության նախագահը:
- Ես էլ եմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կմնա Հանրապետական կուսակցության նախագահ, բայց մենք կարո՞ղ ենք ասել՝ մի՛ մնա ՀՀԿ նախագահ: Մենք ունեցա՞նք իրավունք ՀՀՇ-ին ասելու՝ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրեցիր նախագահ: Սա ի՞նչ տրամաբանություն է: Մի՞թե մենք կարող ենք ասել, որ այսինչ մարդիկ այլևս իրավունք չունեն ապրելու: Ինձ համար ի՞նչ կարևոր է՝ Սերժ Սարգսյանը կընտրվի՞ ՀՀԿ-ի նախագահ, թե՞ ոչ: Բա ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, ազատությունները: Չես ուզում, մի քվեարկիր ՀՀԿ-ի օգտին: Կրկնում եմ ՀՀՇ-ի օրինակը, այդ մարդիկ իշխանությունից տասը տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանին պեղեցին բերեցին-դարձրեցին ՀՀՇ-ի նախագահ: Մենք էլ հարաբերվեցինք այդ մարդկանց հետ՝ անկախ նրանից, որ չէինք ընդունում: